Պետական գրանցման պահին կուսակցությունը պարտավոր է ունենալ ոչ պակաս, քան 200 անդամ: Պետական գրանցման պահին կուսակցությունը պարտավոր է ունենալ տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ում, ներառյալ` Երևանում: Կուսակցությունն իրավունք ունի «Կուսակցությունների մասին» օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով ստեղծել կառուցվածքային ստորաբաժանումներ:
Պետական գրանցման պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2000 անդամ, ընդ որում, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ոչ պակաս, քան 100 անդամ, և տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ներառյալ` Երևան քաղաքում, որի մասին գրավոր տեղեկացնում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրին:
Կուսակցական տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներն ստեղծվում և նրանց գործունեությունը կազմակերպվում է միայն տարածքային հատկանիշով: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, իրավապահ մարմիններում, նախադպրոցական, դպրոցական և այլ ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում կուսակցությունների տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը և գործունեությունն արգելվում են:
Կուսակցության ղեկավար մարմիններն ու նրա տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները կարող են գտնվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Այլ պետություններում կուսակցությունը կարող է ունենալ միայն ներկայացուցչություն: