Ինչպե՞ս է հարկվում համատեղ գործունեությունից ստացվող եկամուտը

Առանց իրավաբանական անձ ձևավորելու համատեղ գործունեության մասով հարկերի (բացառությամբ հարկային գործակալի կողմից պահվող եկամտային հարկի, ոչ ռեզիդենտի շահութահարկի և տեղական հարկերի) հաշվարկման և վճարման պարտավորությունը կատարում է համատեղ գործունեության գործերը վարող անձը:

Եթե համատեղ գործունեության պայմանագրի համաձայն, համատեղ գործունեությունը վարվում է մեկից ավելի մասնակիցների կողմից, ապա համատեղ գործունեության մասով հարկերի հաշվարկման և վճարման պարտավորությունը կատարում է մասնակիցների կողմից գրավոր լիազորված անձը:

Համատեղ գործունեության մասով հարկերի հաշվարկման և վճարման պարտավորություն կրող անձը մինչև համատեղ գործունեության շրջանակներում առաջին գործարքի իրականացումը պարտավոր է իր գտնվելու վայրի հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարություն (համատեղ գործունեության մյուս մասնակիցների համաձայնության վերաբերյալ նշումներով)՝ համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունները ստանձնելու մասին:

Համատեղ գործունեության (այդ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների) մասով հարկային պարտավորությունների կատարման համար գործունեության մասնակիցները կրում են համապարտ պատասխանատվություն:

Համատեղ գործունեության մասով հարկերի հաշվարկման առումով մասնակիցների կողմից վարվում է առանձնացված հաշվառում:

Համատեղ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների մասով հարկերի հաշվարկման համար հիմք հանդիսացող հաշվարկային և վճարային փաստաթղթերը դուրս են գրվում հարկերի հաշվարկման և վճարման պարտավորություն ստանձնած անձի կողմից, իսկ պայմանագրով նախատեսված դեպքում` նաև գործեր վարող այլ մասնակիցների կողմից` հարկերի հաշվարկման և վճարման պարտավորություն ստանձնած անձի անունից:

Համատեղ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների մասով առաջացող հարկային պարտավորություններին վերաբերող` հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվարկները, հայտարարագրերը, տեղեկությունները ներկայացվում են հարկերի հաշվարկման և վճարման պարտավորություն ստանձնած անձի կողմից, որոնցում արտացոլվում են անմիջականորեն ինչպես նրա, այնպես էլ համատեղ գործունեության ընդհանուր ցուցանիշները (արդյունքները):

Մասնակիցների կողմից կատարված ներդրումներին վերաբերող՝ ակտիվների ձեռքբերման հաշվարկավճարային փաստաթղթերը (կցելով ակտիվների քանակներն արտացոլող հանձնման-ընդունման ակտը) փոխանցվում են համատեղ գործունեության մասով հարկերի հաշվարկման և վճարման պարտավորություն ստանձնած անձին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել