Անձի որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մերժվում է, եթե`
1) նա արդեն հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր.
2) նրա ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկատվությունը ամբողջական չեն.
3) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:
Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումն աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:
Վերը նշված 2-րդ կետով նախատեսված թերության առկայության դեպքում անձին անմիջապես հնարավորություն է տրվում շտկելու կամ լրացնելու ներկայացված փաստաթղթերը, որից հետո իրականացվում է հաշվառումը:
Եթե անձը հրաժարվում է շտկել կամ լրացնել ներկայացված փաստաթղթերը, ապա անձի դիմումն ընդունելու օրվանից հետո` երկօրյա ժամկետում, իսկ վերը նշված 1-ին կամ 3-րդ կետով նախատեսված դեպքում դիմումը անմիջապես գրավոր մերժվում է` մերժման հիմք(եր)ի պարտադիր նշումով:
Հաշվառման մերժման մասին որոշումը հաստատվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է անձի նշած էլեկտրոնային փոստի հասցեով (անձի կողմից էլեկտրոնային փոստի հասցե տրամադրելու դեպքում): Մերժման մասին որոշումը հասանելի է դառնում նաև համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով: