Հարկային մարմնում ավելացված արժեքի հարկ (այսուհետ` ԱԱՀ) վճարողների հաշվառումն իրականացվում է ԱԱՀ վճարողների հաշվառման համարների հիման վրա:
ԱԱՀ վճարող համարվող անձինք (բացառությամբ ստորև նշված անձանց) ԱԱՀ վճարող համարվելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու և ԱԱՀ վճարողի հաշվառման համար կիրառելու մասին հայտարարություն:
Որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու և ԱԱՀ վճարողի հաշվառման համար կիրառելու մասին հայտարարությունը ներկայացվում է թղթային տարբերակով կամ էլեկտրոնային եղանակով՝ հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով:
Որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու և ԱԱՀ վճարողի հաշվառման համար կիրառելու մասին հայտարարությունը ներկայացվում է տվյալ օրացուցային տարվա որևէ ամսաթվից մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտի համար:
Որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու և ԱԱՀ վճարողի հաշվառման համար կիրառելու մասին հայտարարություն չեն ներկայացնում`
1) այն անձինք, որոնք ԱԱՀ վճարող են համարվել Ավելացված արժեքի հարկի մասին օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հայտարարության հիման վրա.
2) անհատ ձեռնարկատեր չհամարվող այն ֆիզիկական անձինք, որոնց իրականացրած գործարքներն օրենքի համաձայն համարվում են ապրանքի մատակարարում.
3) այն անձինք, որոնց նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներում և (կամ) ԱԱՀ-ի հաշվարկներում արտացոլված իրացման և (կամ) ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը գերազանցել է 58,35 մլն դրամը.
4) այն անձինք, որոնց նախորդ օրացուցային տարվա համար հարկային մարմին ներկայացրած տեղեկություններում արտացոլված՝ հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացրած դրամական հաշվարկների հանրագումարների ընդհանուր գումարը գերազանցել է 58.35 մլն դրամը.
5) այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա համար հարկային մարմին ներկայացրած շահութահարկի հաշվարկում կամ եկամտային հարկի տարեկան եկամուտների մասին հաշվարկում արտացոլված իրացման շրջանառությունը գերազանցել է 58.35 մլն դրամը.
6) ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված այն անձինք, որոնց իրացման ընդհանուր շրջանառությունը գերազանցել է ԱԱՀ-ի շեմը.
7) ստուգման ակտի հիման վրա՝ շրջանառության հարկ վճարող լինելու պայմաններին չբավարարելու կամ շրջանառության հարկ վճարող լինելու դադարեցման հիմքերի առկայության դեպքում ընթացիկ տարում օրենքի համաձայն ԱԱՀ վճարող համարվող անձինք: