Համատեղ գործունեության պայմանագրով երկու կամ ավելի անձինք (մասնակիցները) պարտավորվում են միացնել իրենց ավանդները և առանց իրավաբանական անձ կազմավորելու գործել համատեղ` շահույթ ստանալու կամ օրենքին չհակասող այլ նպատակի հասնելու համար:
Մասնակցի ավանդ է համարվում այն ամենը, ինչ նա ներդնում է ընդհանուր գործում` ներառյալ դրամը, այլ գույքը, մասնագիտական և այլ գիտելիքները, ունակություններն ու հմտությունները, ինչպես նաև գործարար համբավը և գործարար կապերը:
Ձեռնարկատիրական գործունեության համար կնքված համատեղ գործունեության պայմանագրի կողմեր կարող են լինել միայն անհատ ձեռնարկատերերը և (կամ) առևտրային կազմակերպությունները և (կամ) գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները:
Համատեղ գործունեության պայմանագրով կարող է նախատեսվել, որ այն չի բացահայտվում երրորդ անձանց համար (ոչ հրապարակային համատեղ գործունեություն):
Համատեղ գործունեության պայմանագիրը կնքվում է գրավոր: