Անհատ ձեռնարկատեր լինելու դրական և բացասական կողմերը

Անհատ ձեռնարկատեր կարող է լինել ցանկացած գործունակ անձ (ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ), ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը օրենքով սահմանափակված չէ: Մասնավորապես, անձը չի կարող հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր, եթե նա դատական կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ կամ անձը դատական կարգով ճանաչվել է սնանկ, և պետական հաշվառման դիմում տալու պահին չի կատարել սնանկ ճանաչելու համար հիմք հանդիսացած իր պարտավորությունները:

Անհատ ձեռնարկատեր լինելու պարտադիր նախապայման է օրենքով սահմանված կարգով պետական հաշվառում ունենալը, որի արդյունքում անձը հնարավորություն է ստանում իր ռիսկով, իր անունից և սեփական միջոցներով զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ՝ առանց իրավաբանական անձ ստեղծելու:

Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման դրական կողմերն են՝ հաշվառման գործընթացի արագ կատարումը՝ փաստաթղթային նվազագույն պահանջներով, հաշվեկշիռ չունենալը, տարեկան եկամտահարկով հարկվելը և այլն:

Անհատ ձեռնարկատեր լինելու թերությունը կայանում է նրանում, որ վերջինս իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել