Հարկադիր կատարողի վարքագծի կանոնները

Հարկադիր կատարողը պարտավոր է`

1) հավատարիմ լինել իր երդմանը, խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, հարգել Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները (դրոշը, զինանշանը, օրհներգը) և պետական լեզուն.

2) ծառայողական պարտքը կատարել բարեխղճորեն.

3) լինել զգոն, խստորեն պահպանել ծառայողական և պետական գաղտնիքները.

4) ցանկացած իրավիճակում պահպանել անձնական արժանապատվությունը, բարձր պահել պատիվը, լինել ազնիվ.

5) օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս` զերծ մնալ հասարակական կարծիքի ազդեցությունից և իր գործողությունների համար քննադատվելու մտավախությունից.

6) հանուն անձնական կամ այլ անձանց շահերի` չնսեմացնել ծառայության և հարկադիր կատարողի վարկը.

7) աջակցել իր ղեկավարին` կարգապահության ամրապնդման գործում, հարգանքով վերաբերվել նրան.

8) կատարելագործել մասնագիտական ունակությունները.

9) իմանալ և հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք բոլորի նկատմամբ.

10) ձեռնպահ մնալ ֆինանսական, գործնական, անձնական այնպիսի կապերի հաստատումից, որոնք կարող են խախտել նրա անաչառությունը, խոչընդոտել ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը.

11) անհարկի չընդգծել իր պաշտոնական դիրքը.

12) ղեկավարվել պատվի, խղճի և արժանապատվության զգացումներով.

13) իր վարքով նպաստել հասարակության կողմից ծառայության վերաբերյալ ազնվության և օրինականության համոզմունքի ձևավորմանն ու պահպանմանը.

14) խուսափել անհարկի խոստումներից, գիտակցել իր խոսքի արժեքը և կարևորությունը, տված խոստման հնարավոր բացասական հետևանքները.

15) ծառայողական պարտականությունների ընթացքում հայտնի դարձած տեղեկատվությունը չօգտագործել իր անձնական շահերի համար.

16) ըմբռնումով մոտենալ աշխատանքային գործունեության ընթացքում թույլ տրված խախտումների և թերությունների բացահայտմանն ու քննադատությանը և միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու համար.

17) օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելուց դուրս չհրապարակել և չօգտագործել իր պաշտոնական պարտականությունների իրականացման ժամանակ իրեն հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկությունները.

18) օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս` զերծ մնալ (հրաժարվել) որևէ մեկից նվերներ, գումարներ, ծառայություններ ստանալուց կամ դրանք հետագայում ստանալու համար համաձայնություն տալուց.

19) իր վարքով իրեն կախվածության մեջ չդնել որևէ անձից.

20) ներկայացնել առաջարկություններ մասնագիտական ծառայողական գործունեության կատարելագործման վերաբերյալ և ներկայացված առաջարկությունների իրականացմանը տալ համապատասխան լուծումներ.

21) հետամուտ լինել գործընկերների կողմից վարքագծի կանոնների կատարմանը և խախտում հայտնաբերելու դեպքում տեղեկացնել վերադաս ղեկավարին:

Սույն վարքագծի կանոնների հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը:

Եթե հարկադիր կատարողը չի կողմնորոշվում` ինչպիսի վարքագիծ դրսևորել որոշակի իրավիճակներում, ապա նա պետք է դիմի անմիջական ղեկավարին, որը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի իր ենթակա աշխատողի համար դյուրին լինեն սույն վարքագծի կանոնների պահպանումն ու կիրառումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել