Փարաքարը բռնի տեղահանված 379 արցախցի է ընդունել․ համայնքապետի տեղակալը` առկա իրավիճակի մասին

Արմավիրի մարզի Փարաքար համայնքն ընդունել է օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 379 անձ։ Համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ համայնքային միջոցներով նրանց ապահովում են սնունդով և առաջին անհրաժեշտության իրերով։

«Այս պահին մեր համայնքում Արցախից բռնի տեղահանված անձ, որն ապրում է փողոցում, չունենք։ Մեր հայրենակիցները հիմնականում նախընտրում են երևանամերձ տարածքներում մնալ, մենք չենք կարող ամբողջությամբ ապահովել այդ պահանջները։ Այստեղ հիմնականում վարձակալել են բնակարաններ կամ անհատույց բնակարաններ են տրվել արցախցիներին։ Մի շարք շինություններ, որոնք որ բարվոք են փորձել ենք անհատույց տրամադրել»,-ասաց նա։

Նա ընդգծեց, որ այն մարդիկ, ովքեր չեն հասցրել Գորիսում գրանցվել կարող են գրանցումներն անցնել նաև Փարաքարում։

«Մենք այդ խնդրին շատ լուրջ ենք նայում, որովհետև չենք ուզենա չարաշահումներ լինեն կամ որևէ մեկն օգտվի բռնի տեղահանվածների անվան տակ ներկայանալուց, ինչը հարիր չէ և տեղին չի լինի։ Մենք ունենք պարտավորություն մեր բոլոր ուժերը կենտրոնացնելու բռնի տեղահանված մարդկանց հնարավորինս աջակցելու և մեր աջակցությունը պետք է լինի թիրախային»,-նշեց Փարաքարի ղեկավարի տեղակալը։

Գոռ Սարիբեկյանն ասաց, որ արդեն կան Արցախից բռնի տեղահանված երեխաներ, որոնք հաճախում են դպրոց, ընդգծելով, որ նրանց կրթության իրավունքի ապահովումն իրենց համար գերխնդիր է։

Նա նշեց նաև, որ Արցախից բռնի տեղահանված մեկ ուսուցիչ արդեն աշխատում է Արևաշատի դպրոցում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել