Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Պետական սահմանի մասին» օրենքում ամրագրել սահմանային վերահսկողության իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ տվյալների միասնական հաշվառման հանգամանքը, սահմանել, որ նման հաշվառումն իրականացվում է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) միջոցով, նախատեսել համակարգից օգտվելու և դրանում տեղեկություններ մուտքագրելու ընդհանուր պայմանները, ինչպես նաև հստակեցնել համակարգի վերաբերյալ ենթաօրենսդրական մակարդակում կարգավորման ենթակա հարցերի շրջանակն ու լիազորված մարմնի գործառույթները:
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն «Պետական սահմանի մասին» 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքը կլրացվի նոր՝ 10.1-ին հոդվածով, որը կսահմանի Հայաստանի Հանրապետության պետական սահմանով շարժի համակարգումը․
- Սահմանային վերահսկողության իրականացումն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետությունից մեկնելիս անձանց, տրասնպորտային միջոցների շարժը, ինչպես նաև միգրացիոն հոսքերի վերաբերյալ այլ տեղեկությունները ենթակա են միասնական հաշվառման։
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների միասնական հաշվառումն իրականացնելու նպատակով գործարկվում է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը։
- Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի շահագործումը, սպասարկումը, շահագործման հետ կապված աշխատանքների համակարգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմինը։
- Սույն հոդվածի 3-րդ մասի իմաստով սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի շահագործման հետ կապված աշխատանքների համակարգում է համարվում համապատասխան տեղեկություններ մշակելը՝ հավաքելը, մուտքագրելը, պահպանելը, փոփոխելը, արգելափակելը, ուղեփակելը, փոխանցելը, արխիվացնելը, ինչպես նաև համակարգից օգտվելու իրավունք ունեցող պետական մարմիններին ու կազմակերպություններին տրամադրվող հասանելիության ապահովումը, անհրաժեշտ ծավալով և ձևաչափով տեղեկատվության տրամադրումը:
- Պետական մարմիններն ու կազմակերպությունները պետական սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից կարող են օգտվել, այդ թվում՝ համակարգում տեղեկություններ մուտքագրել օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում և անհրաժեշտ ծավալով՝ օրենքով նախատեսված նպատակներին հասնելու համար։
- Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը շահագործելու կանոնները, համակարգում տեղեկություններ մուտքագրելու կարգը և մուտքագրվող տեղեկությունների շրջանակը, համակարգից օգտվելու իրավունք ունեցող պետական մարմինների ու կազմակերպությունների ցանկը և օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։