«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքով նախատեսված հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը (այսուհետ` Գլխավոր վարչություն) այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա` վերը նշված օրենքով սահմանված կարգով:
Գլխավոր վարչության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ղեկավարը: Գլխավոր վարչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Գլխավոր վարչության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ղեկավարի ներկայացմամբ: Գլխավոր վարչության պետի պաշտոնն ազգային անվտանգության մարմիններում ծառայողների գլխավոր խմբի պաշտոն է:
Գլխավոր վարչության կանոնադրությունը, կառուցվածքը և ծառայողների թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ղեկավարի ներկայացմամբ:
Գլխավոր վարչությունը հեռահաղորդակցության օպերատորի մոտ ապահովում է համապատասխան օպերատիվ-տեխնիկական անհրաժեշտ պայմաններ` օրենքով լիազորված մարմինների կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար: