Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Գորիսի բժշկական կենտրոն` տեղում ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առողջական վիճակին և տրամադրվող բուժսպասարկմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Նախարարին ներկայացվել է պացիենտների առողջական վիճակը, որն այս պահին գնահատվում է հիմնականում ծանր կամ ծայրահեղ ծանր:
Նա եղել է բոլոր այն բաժանմունքներում, որտեղ այս պահին բուժում են ստանում տուժածները, լսել նրանց կարիքները:
Բժիշկները նշել են, որ երկարատև շրջափակման հետևանքով պացիենտներն ունեն նաև սրտանոթային, նյարդաբանական և այլ խնդիրներ:
Վիճակների կայունացումից հետո հնարավոր կլինի տուժածների տեղափոխումը և հետագա բուժումը կազմակերպել մասնագիտացված բուժհաստատություններում»,- ասված է հաղորդագրության մեջ։