Երևանի կենտրոնում գտնվող գույքն օրենքի խախտմամբ օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը. նախաձեռնվել է քրեական վարույթ

2009 թվականի փետրվարի 19-ին Եզնիկ Կողբացի 50ա հասցեում գտնվող անշարժ գույքն առանց մրցույթի՝ ուղղակի վաճառքով, օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախոազությունը։

«Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Եզնիկ Կողբացի 50ա հասցեում գտնվող տարածքի օտարման գործընթացը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 2007 թվականի մարտի 1-ի որոշմամբ՝ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի 50ա հասցեում գտնվող վարչական շենքը ճանաչվել է բացառիկ հանրային գերակա շահ՝ այն հիմնավորմամբ, որ տարածքի բարեկարգմամբ Երևանում կվերանա վթարային բնակելի ֆոնդը, կստեղծվեն կանաչապատ տարածքներ, կնորացվեն ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները և այլն:

Կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործընթացում հանդես է եկել Երևանի քաղաքապետը:

2009 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ՝ Եզնիկ Կողբացի 50ա հասցեում գտնվող անշարժ գույքի ձեռքբերող է հանդիսացել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը, որի 50 տոկոսի բաժնետերը գործարար Ս.Մ.-ն է, իսկ մյուս 50 տոկոսը պատկանում է նրա կնոջը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գ.Ք.-ին:

Կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ՝ վերոնշյալ տարածքը կրկին ճանաչվել է բացառիկ հանրային գերակա շահ՝ 2007 թվականի մարտի 1-ի որոշմամբ սահմանված նույնաբովանդակ հիմնավորմամբ: Տարածքի ձեռքբերողը կրկին հանդիսացել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը:

Հանրային գերակա շահ ճանաչված լինելու հիմքով օտարված համայնքապատկան գույքն առ այսօր գտնվում է անփոփոխ վիճակում. խախտվել է օտարման գործընթացը (օտարման նպատակի իրագործումը պետք է սկսվեր գերակա հանրային շահ ճանաչելու մասին Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում):

Ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը 2023 թվականի սեպտեմբերի 18-ին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2023 թվականին ընդունված Քրեական օրենսգքրի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, կքննարկի համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը համայնքին վերադարձնելու նպատակով Վարչական դատարան հայց ներկայացնելու հնարավորությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել