Բնակարանամուտ են տոնել 9 զինծառայողների ընտանիքներ. լուսանկարներ

ՀՀ կառավարության և ՀՀ պաշտպանության նախարարության առաջնային ուշադրության կենտրոնում են զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման խնդիրները:

 

Ըստ այսմ` վերջին տարիներին շահագործման են հանձնվել զինծառայողների համար նախատեսված բնակելի բազմաթիվ շենքեր: Զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովելու գործընթացի շրջանակում Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ հերթական շենքի բացման և բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս անգամ բնակարանամուտ տոնեցին 9 զինծառայողների ընտանիքներ:

 

Շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց է հանձնել բնակարանների բանալիներն ու վկայագրերը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը մշտապես  գտնվում է հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, և ամեն ինչ արվում  է, որպեսզի զինծառայողները, իրենց թիկունքում զգալով պետական հոգածությունը և զերծ լինելով կենցաղային խնդիրներից, բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները:

 

Բացման արարողությունից հետո պաշտպանության նախարարը շրջել է բնակարաններով: Ծանոթանալով կատարված շինարարական աշխատանքներին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ արձանագրել է, որ ստեղծված պայմանները լիովին համապատասխանում են շինարարական արդի չափանիշներին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել