Ֆրանսիան 7 մլն եվրո կտրամադրի Արցախից բռնի տեղահանվածների և պայթյունից տուժածների համար

Ֆրանսիան 7 մլն եվրո կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանվածների, բժշկական սարքավորումներ և պարագաներ՝ պայթյունից տուժածների համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինիի հետ։ Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված աշխատանքներին՝ նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող քայլերը։ Նախարարը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը՝ դժվարին իրավիճակներում Հայաստանի կողքին լինելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։

Դեսպան Դըկոտինին ևս, ընդգծելով հումանիտար ճգնաժամի հաղթահարման կարևորությունը, նախարարին հայտնել է, որ Ֆրանսիայի կառավարությունը՝ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որոշում է կայացրել 7 մլն եվրո տրամադրել՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով։

Դեսպանի խոսքով՝ ֆրանսիական կողմը պատրաստվում է նաև ՀՀ ուղարկել բժշկական պարագաներով և սարքավորումներով բեռնված օդանավ՝ ԼՂ-ում բենզալցակայանի պայթյունից տուժած անձանց առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել