Բելգիայի կառավարությունը որոշել է Հայաստանում դեսպանություն բացել։ Այս մասին ասել է ՀՀ–ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Դեսպանն այսօր իր հավատարմագրերն է հանձնել Խաչատուրյանին։
«Հայաստանում դեսպանության բացումը շատ կարևոր է մեր երկկողմ հարաբերությունների համար: Ես հանդիպել եմ Բելգիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ, բոլորը ողջունում են և շատ ուրախ են դեսպանության բացման առիթով: Դեսպանության բացումը, իհարկե, նշան է այն կարևորության, որը Բելգիան տալիս է Հայաստանի հետ փոխհարաբերություններին»,- ասել է նա։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բելգիական համագործակցության հետագա խորացման օրակարգային հարցեր:
Էրիկ դե Մույնքն ընդգծել է, որ հնարավորության սահմաններում իր ջանքերը կներդնի հայ-բելգիական բազմաշերտ փոխգործակցության զարգացման համար:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հումանիտար աջակցություն տրամադրելու խնդիրներին: