Գորիսի մշակույթի տանը Արցախից բռնի տեղահանված անձանց ընդունելության համար բացված բուժկետում ավելի քան 700 պացիենտ բուժօգնություն է ստացել, որից կեսը երեխաներ են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։
«Գորիսի թատրոնի շենքում տեղակայված են թվով 3 բուժկետեր։ Այնտեղ 2 ժամ առաջվա տվյալներով արդեն իսկ ավելի քան 700 պացիենտ բուժօգնություն է ստացել, կեսից ավելին երեխաներ են։ Եղել են նաև ծննդաբերություններ, ամեն ինչ բարեհաջող է անցել։ Աշխատանքն ամբողջովին կազմակերպված է և փուլային գնում է»,– նշել է Ջումայանը։
Նրա խոսքով՝ եղել են այնպիսի քաղաքացիներ, որոնց անհրաժեշտ է եղել հիվանդանոց տեղափոխել։ Փոխնախարարը շեշտել է, որ արցախցիների համար ամբողջ բուժօգնությունն անվճար է` պետպատվերի շրջանակում է տրամադրվում և որևիցե սահմանափակում չկա։
Ջումայանը նշել է, որ այս պահին պայթյունից տուժածների թիվը վայրկյան առ վայրկյան աճում է, նա նաև նշել է, որ այս պահին Հայաստանի հիվանդանոցներում Արցախից տեղահանված անձանց մահվան դեպքեր մինչ այս պահը չեն գրանցվել։
ԱՆ փոխնախարարը նաև ընդգծել է, որ և՛ շտապօգնությունը, և՛ առաջնային օղակն ամբողջովին «զինված է» ու ո՛չ դեղորայքի, ո՛չ մասնագիտական կարիք չկա։