ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը հանդիպել են կրթության ոլորտում արդյունավետ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մեկտեղելու ջանքերը և առավել արդյունավետ դարձնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության կազմակերպումը:
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ արդեն իրականացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կարիքների գնահատում,, և միջգերատեսչական համագործակցության արդյունքում վերհանված խնդիրներին տրվելու են համապարփակ լուծումներ:
«Այս պահին առաջնահերթ է ապահովել դպրոցականների կրթության շարունակականությունը․ երեխաները կարող են հաճախել իրենց՝ այս պահի փաստացի բնակության վայրի մոտակա դպրոցը։ Նրանք արագ պետք է ընդգրկվեն ուսումնական գործընթացում՝ անկախ դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից։ Բոլոր դպրոցականները կունենան անհրաժեշտ դասագրքեր և ուսումնական նյութեր։ Ուսումնարանների, քոլեջների և բուհերի ուսանողները ևս, ըստ իրենց մասնագիտությունների, ուսումը կշարունակեն ՀՀ ուսումնական հաստատություններում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Կարևորելով կազմակերպությունների իրականացրած աշխատանքները և օգնելու, աջակցելու պատրաստակամությունը՝ նախարարը միաժամանակ ընդգծել է, որ այս գործընթացներում ամենակարևորը երեխաների անձնական տվյալների գաղտնիության պահպանումն է։
«Մենք պետք է հետևողական լինենք, որ բռնի տեղահանված երեխաները դուրս չմնան ուսումնական գործընթացից և իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը: Բոլորս ակտիվ ներգրավված պետք է լինենք այս աշխատանքներում և իրազեկված՝ ինչ խնդիրների են նրանք բախվում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների աջակցության խնդրին։
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տարածքային մարմինների ներկայացուցիչները պարբերաբար այցելում էին նմանօրինակ ընտանիքներին՝ հասկանալու, թե վերոնշյալ երեխաներն ինչպիսի աջակցության կարիք ունեն, փորձում էին լուծումներ գտնել:
«Այս օրերին ևս պետք է շարունակել նմանատիպ աշխատանքները»,- ասել է նախարարը:
Հաշվի առնելով մեր երկրում ստեղծված իրադրությունը՝ ԿԳՄՍ նախարարը ներկաներին տեղեկացրել է, որ նախարարությունը շրջաբերական
գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին և առաջարկել իրենց ջանքերն ուղղել բռնի տեղահանված մեր հայրենակիցների օգնության կազմակերպմանը. «Առաջարկվել է դիտարկել բուհերի ուսանողներին և աշխատակիցներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ձևավորված կամավորների շտեմարաններում ընդգրկելու հնարավորությունը: Ուսանողները կարող են ներգրավվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին անհրաժեշտ սոցիալական աջակցության տրամադրման համար իրականացվող գործընթացներում՝ սկսած մարդկանց կարիքների գույքագրումից, անհրաժեշտ տեղեկատվական և այլ կարգի աջակցությունից մինչև մասնագիտական աշխատանքներ»:
Նախարարը նաև առաջարկել է համատեղ ջանքերով ստեղծել հարթակ, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները, մարզիչները, մշակույթի բնագավառի մասնագետները հնարավորություն ունենան տեղեկանալու մասնագիտական թափուր աշխատանքների մասին: Մասնավորապես դպրոցներում առկա ուսուցիչների թափուր աշխատատեղերի բոլոր հայտարարությունները հրապարակված են ԿԳՄՍ նախարարության կայքում:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև հոգեբանական աջակցության ծրագրեր իրականացնելու կարևորությունը, քանի որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները՝ հատկապես երեխաները, այս պահին ամենաշատը դրանց կարիքն ունեն:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց ծրագրերը, որոնք տարաբնույթ են՝ կարիքների գնահատում, խնամք, հոգեբանական աջակցություն, ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններ, արտադասարանական խմբակներ, կրթամշակութային նախագծեր, աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին և այլն։
Ամփոփելով խոսքը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպման մասնակիցներին առաջարկել է ծրագրերը ներկայացնել գրավոր՝ ըստ ուղղվածության, համայնքների և այլն: