«C» կարգի տրանսպորտային միջոցներով (բեռնատարներով) թույլատրվում է փոխադրել մինչև 8 ուղևոր, իսկ դրանից ավելի մարդ փոխադրելու դեպքում վարորդը պետք է ունենա նաև «D» կամ «DE» կարգերի կամ «D1» կամ «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական:
Մեկնելուց առաջ բեռնատար ավտոմոբիլի վարորդը պետք է ուղևորներին հրահանգավորի նստելու, թափքում տեղավորվելու և իջնելու կարգի, ինչպես նաև ընթացքի ժամանակ նստատեղը չլքելու մասին: Շարժվել կարելի է, միայն համոզվելով, որ ուղևորների անվտանգ փոխադրման պայմաններն ապահովված են:
Բեռնատար ավտոմոբիլի թափքում, ինչպես նաև միջքաղաքային, զբոսաշրջության երթուղիներով երթևեկող կամ երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող ավտոբուսների սրահում մարդկանց թիվը չպետք է գերազանցի կահավորված նստատեղերի քանակը:
Մարդկանց փոխադրումը կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում թույլատրվում է, եթե այն կահավորված է կողի վերին եզրից առնվազն 0,3 մ-ից ցածր և հատակից` 0,3-0,5 մ բարձր ամրացված նստարաններով: Հետևի կամ կողերի երկայնքով ամրացված նստարանները պետք է ունենան ամուր թիկնակներ:
Մարդկանց փոխադրելու համար չկահավորված կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլների թափքում երթևեկության ժամանակ թույլատրվում է գտնվել միայն բեռն ուղեկցող կամ այն ստանալու համար մեկնող անձանց` պայմանով, որ նրանք ապահովված են կանոնների 153-րդ կետով նախատեսված ցուցանիշներին համապատասխան տեղադրված նստատեղերով:
Ավտոբուսով կամ ֆուրգոն թափքով բեռնատար ավտոմոբիլով երեխաների կազմակերպված խմբեր փոխադրելիս` նրանց հետ պետք է գտնվի առնվազն մեկ չափահաս ուղեկցող: Այդ տրանսպորտային միջոցներն առջևից և հետևից պետք է կահավորվեն «Երեխաների փոխադրում» ճանաչման նշանով:
«Երեխաների փոխադրում» ճանաչման նշանով կահավորված տրանսպորտային միջոցներ երեխաների նստեցման և իջեցման ժամանակ պետք է միացված լինի վթարային լուսային ազդանշանը: Այդ տրանսպորտային միջոցներին մոտենալիս` վարորդները պետք է նվազեցնեն արագությունը, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կանգնեն` երեխաներին երթևեկելի մասն անարգել անցնել թույլ տալու համար:
Վարորդը պետք է դռները փակ պահի մինչև տրանսպորտային միջոցի լրիվ կանգնելը, որից հետո միայն հնարավորություն տա ուղևորներին նստել կամ իջնել, իսկ երթևեկությունն սկսի դռները փակելուց հետո:
Իրավաբան.net