Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանը հաստատվում է բյուջետային ծախսերի գերատեսչական և գործառնական դասակարգմամբ:
Պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները:
Այլ միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանը հաստատում է պատվիրատուն:
Գնումների պլանները հաստատվում են ըստ գնման առարկայի, քանակի, ընդհանուր գնի, գնման ձևի: Դրանք հրապարակվում են տեղեկագրում, բացառությամբ պետական, ծառայողական և բանկային գաղտնիք պարունակողգնումների պլանի:
Շինարարական աշխատանքների գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա:
Առանց նախագծային փաստաթղթերի առկայության շինարարական աշխատանքների գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվել չեն կարող, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Եթե գնման գինը գերազանցում է տվյալ ժամանակահատվածում այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական հատկացումների չափը, ապա, պայմանագիր կնքվելու դեպքում, տվյալ ժամանակահատվածին հաջորդող ժամանակահատվածում նախատեսվում են ֆինանսական միջոցներ գնման պայմանագրով սահմանված գնումն իրականացնելու կամ տվյալ գնումը ժամանակավորապես դադարեցնելու համար (եթե ժամանակավոր դադարեցումը պահանջում է ֆինանսական միջոցներ):
Մինչև ֆինանսական միջոցներ նախատեսվելը, սույն օրենքով սահմանված կարգով, կարող է կնքվել պայմանագիր` պայմանով, որ դրա շրջանակներում գնում կարող է կատարվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում:
Նշված մասի համաձայն կնքված պայմանագիրը լուծարվում է, եթե այն կնքելու օրվան հաջորդող տարվա ընթացքում պայմանագրի կատարման համար ֆինանսական միջոցները չեն նախատեսվել:
Նշված մասը կարող է կիրառվել եթե`
1) պատվիրատուն չի կարողանում նախապես կանխատեսել (հաշվարկել) գնումների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը.
2) ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումը պետք է սկսվի տվյալ գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու պահից հաշված այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային որևէ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է:
Պատվիրատուն պայմանագրով ֆինանսական պարտավորություններ ստանձնում է այդ գնումն իրականացնելու համար պահանջվող ֆինանսական հատկացումներ նախատեսված լինելու դեպքում և այդ հատկացումների շրջանակներում:
Գնումներ կատարելու համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման համար սահմանված համապատասխան հոդվածներով:
Արգելվում է ֆինանսական միջոցներ նախատեսել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ հոդվածներով, եթե այդ միջոցների հաշվին պետք է կատարվեն գնումներ: