Կառավարության որոշմամբ յուրաքանչյուր 1000 տոննա խաղողի դիմաց կտրամադրվի 30 մլն դրամի չափով սուբսիդավորում

Կառավարությունը սեպտեմբերի 7-ի նիստին հաստատել է 2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները:

Կառավարության որոշմամբ առաջարկվում է իրականացնել աջակցության մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2023 թ. սեպտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 30-ը խաղող մթերող տնտեսավարողներին վարկերը տրամադրել հետևյալ պայմաններով՝ սուբսիդավորվում է տրամադրվող վարկի տոկոսադրույքի տարեկան 11 տոկոսային կետին համարժեք մասը, յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի մայր գումարը չի կարող գերազանցել 4 մլրդ դրամը, տրամադրվող վարկերն ունեն առավելագույնը 60 ամիս մարման ժամկետ, վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է առնվազն 24 ամիս, մթերումների համար տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է խաղողի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2023 թվականի հոկտեմբերի 15-ը:

Խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում ՀՀ կառավարության կողմից 2023 թ. սեպտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 30-ը տրամադրել մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2022 թ.-ին արտահանված արտադրանքի արժեքը: 6000 տոննայից մինչև 9000 տոննան ներառյալ խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, 5000 տոննան գերազանցող մթերված յուրաքանչյուր 1000 տոննայի դիմաց տրամադրել 30 մլն դրամի չափով սուբսիդավորում: 15000 տոննա և ավելի խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, 10000 տոննան գերազանցող մթերված յուրաքանչյուր 5000 տոննայի դիմաց տրամադրել 250 մլն դրամի չափով սուբսիդավորում: Կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողից ձեռք բերել մինչև 1․0 մլն լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) առնվազն 5 տարի հնացված կոնյակի սպիրտ՝ պայմանով, որ ձեռքբերված կոնյակի սպիրտի գումարով, 1 կիլոգրամը նվազագույնը 110 դրամով, Արարատի և Արմավիրի մարզպետների կողմից հաստատված ցանկերով ներկայացված խաղողագործներից կատարվում են համարժեք քանակությամբ խաղողի մթերումներ։

Ամփոփելով քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման հետ կապված ոլորտում առկա են մեծ խնդիրներ: «Արդյունավետության հետ կապված հարցերը պետք է կարողանանք լուծել, ուղղակի փող տալով չենք կարող լուծել: Քննարկումների ժամանակ, այդ թվում՝ մարզպետարանների աշխատակազմերի հաշվետվությունների, բոլորը շատ գոհ են, օրինակ՝ աշնանացան ցորենի ծրագրից, բայց երբ հարց եմ տալիս՝ ինչքա՞ն գումար ենք տվել և ինչքանի՞ ցորեն ենք ստացել, պարզվում է՝ ինչքան գումար տվել ենք, այնքանի էլ մոտավորապես ցորեն ենք ստացել: Զրոյական ՕԳԳ-ով գործողություն ենք անում: Այսինքն՝ ի՞նչ նոր գիտելիք ենք տալիս, ի՞նչ նոր մոտիվացիա ենք տալիս, ի՞նչ նոր արժեք ենք բերում երկրին: Դարձյալ ընկնում ենք նույն շրջափուլերի մեջ, սա խնդիր է»,-ասել է վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել