Մի զբոսայգում իշաոտնուկ դրած, վրեն նստած, մեր դրոշը վերև կախած, ասում ենք՝ սա մեր դեսպանատունն է․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոնում, դեսպանության համար 17 միլիոն ֆունտ ստեռլինգով 31 Ա Սեյնթ Ջեյմս հրապարակում անշարժ գույք ձեռք կբերի։ Այս մասին որոշումը կառավարությունն ընդունեց սեպտեմբերի 7-ի նիստին։

Նախագիծը ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ 5 հարկից բաղկացած շենքը ձեռք է բերվելու սեփականության իրավունքով, գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասում՝ մի շարք դեսպանությունների, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի, ՄԹ արտաքին գործերի նախարարության (Foreign Office), ՄԹ խորհրդարանի և ՄԹ վարչապետի, պաշտպանության նախարարության, անվտանգության խորհրդի և այլ պետական մարմինների հարևանությամբ:

ՀՀ դեսպանությունը 1992 թվականից ի վեր տեղակայված է Լոնդոնի Հայ տան տրամադրած շենքում: Տվյալ շինությունում ՀՀ դեսպանությունը զբաղեցնում է երկու փոքր սենյակ, ինչը մշտապես զգալիորեն սահմանափակել է դեսպանության աշխատանքային հնարավորությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախագծում կարդացել է, որ ՀՀ դեսպանատանն առաջարկվել է դուրս գալ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության ներկայիս տարածքից:

«Մենք ենք ուզում շատ վաղուց դուրս գալ այդ տարածքից։ Իրեն հարգող ոչ մի պետություն չի կարող այդ տարածքը համարել դեսպանատուն:

…Բա ասում ենք դիվանագիտություն, բա ո՞ւր է մեր դիվանագիտությունը: Մեր դիվանագիտությունը՝ մի զբոսայգու մեջ իշաոտնուկ դրած, վրան նստած է, մի հատ էլ մեր դրոշը վերևում կախած է, ասում ենք՝ սա մեր դեսպանատունն է: Եվ իմ անձնական դիրքորոշումն է եղել, որ մենք բոլոր տեղերում պետք է ունենանք պատշաճ դեսպանատներ:

Եվ դա չի կարելի և անթույլատրելի է, անհասկանալի է, որ մենք Մեծ Բրիտանիայում մինչև այսօր այդ վիճակում ենք. մի տեղ տանիքն է կաթում, մի տեղ հատակն է ծակ, մի տեղ պատուհանը չկա: Չի կարելի, հասկանո՞ւմ եք, սա անթույլատրելի է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել