Կառավարությունը սեպտեմբերի 7-ին որոշում ընդունեց հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով, ինչպես նաև տրանսպորտային միջոցներով, նպատակահարմար է պահեստազորայիններին վարժական հավաքների ընդգրկումը` ներգրավելով մարտական հերթապահության, իսկ վարժական հավաքների ապահովման համար՝ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից տրանսպորտային միջոցների ներգրավումը: Այս նպատակով Զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով:
Iravaban.net-ը ներկայացնում է որոշումը՝ ամբողջությամբ․
«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և «Պաշտպանության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
- Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ:
- Վարժական հավաքներին ներգրավել մինչև 2059 քաղաքացու, որոնցից 1875-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 99-ը` ավագ ենթասպայական կազմի, 85-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:
- Սահմանել, որ՝
1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով.
2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով.
3) վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով՝
ա. 2023 թվականի հոկտեմբերի 3-27-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 1048 քաղաքացու, որոնցից 951-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 45-ը` ավագ ենթասպայական կազմի, 52-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
բ. 2023 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 337 քաղաքացու, որոնցից 308-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
գ. 2023 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 337 քաղաքացու, որոնցից 308-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
դ. 2023 թվականի նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 337 քաղաքացու, որոնցից 308-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
- Վարժական հավաքների ապահովման համար 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 152 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացուցային օր ժամկետով՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: