Ս. Գեղարդը հայտնի է նաև իր հրաշագործ զորությամբ: 1765 թ. Ալաշկերտի հովտում ժանտախտ է բռնկվում: Տեղի ժողովուրդը մի աղերսական նամակ է գրում ժամանակի Կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցուն (1763-1780)` խնդրելով Ս. Գեղարդն իրենց ուղարկել պատուհաս հիվանդությունից ազատվելու համար: Բայց Կաթողիկոսը, վախենալով, որ Ս. Գեղարդը կարող է հայտնվել թշնամի լեզգիների ձեռքը, մերժում է խնդրանքը` խոստանալով այլ սրբություններ ուղարկել նրանց մոտ: Այս պատմական փաստից երևում է, որ Ս. Գեղարդն այդ ժամանակ հայտնի էր ժանտախտը բուժող իր զորությամբ, ուստի ժողովուրդը Վեհից հենց այդ սրբությունն էին խնդրել:
Աստվածամուխ Ս. Գեղարդի հրաշագործ զորության մասին տեղյակ էին նաև վրացիները, մահմեդականները և հարևան այլ ժողովուրդներ: 1797 թ. Թիֆլիսում բռնկված ժանտախտի պատճառով Վրաց Գեորգի թագավորը խնդրանքով դիմում է Ղուկաս Ա Կարնեցուն (1780-1799)` Ս. Գեղարդը Թիֆլիս տանելու համար: Հայտնի է, որ շատ չանցած այս հիվանդությունը վերանում է քաղաքից: Վրաց թագավորը, այս հրաշքը տեսնելով, չի ցանկանում Ս. Գեղարդը վերադարձնել հայերին: Ս. Գեղարդը Թիֆլիս է տարվել նույն պատճառով նաև 1811, 1814 թթ., իսկ շրջել Անդրկովկասում 1846-1847 թթ.:
1847 թ. Ս. Գեղարդը վերադարձվեց Ս. Էջմիածնին և այլևս երբեք դուրս չտարվեց: Այսօր էլ հրաշքներ են կատարվում այս համաքրիստոնեական սրբության միջոցով: Մի սրբություն, որը մեր օրհնյալ հայոց հողում է` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Նյութը՝ Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի ֆեյսբուքյան էջից։