ՀՀ քննչական կոմիտեն սկսել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակի համալրման հերթական փուլը:
Այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն զբաղեցնել ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, կարող են 2023 թ. սեպտեմբերի 7-ից մինչև սեպտեմբերի 29-ը ներառյալ, բացի շաբաթ և կիրակի օրերից, ներկայացնել դիմումները և պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը։
Թեկնածությունների ցուցակի համալրման քննական գործընթացն իրականացվում է երկու՝ գրավոր և բանավոր փուլերով։
Գրավոր քննությանը մասնակցելու թույլտվություն են ստանում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջներին բավարարող այն հայտատուները, որոնք ամբողջական՝ լրացված և ստորագրված կներկայացնեն պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը։ Վերջիններիս ցանկը, ինչպես նաև գործընթացին առնչվող ամբողջ տեղեկատվությունը զետեղված է ՀՀ ՔԿ պաշտոնական ինտերնետային կայքում՝ հետևյալ հղումով (https://www.investigative.am/…/haytararutyun-inqnavar…)։
Գրավոր քննությունն անցկացվելու է սույն թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:30-ին։
Գրավոր քննության արդյունքները հրապարակվելուց հետո, սեղմ ժամկետում, անցկացվում է բանավոր քննություն, որին կարող են մասնակցել գրավոր քննությունից դրական գնահատական (հիսուն և ավելի միավոր) ստացած հայտատուները:
Քննական ամբողջական գործընթացը քաղաքացիների համար առավել մատչելի դարձնելու, անաչառության մակարդակը բարձրացնելու, համակարգը որակյալ կադրերով համալրելու նպատակով ավելի վաղ համապատասխան ենթաօրենսդրական ակտերում կատարված փոփոխություններով փաստաթղթերի ընդունման, մրցույթի անցկացման կառուցակարգերը կատարելագործվել են։
Մասնավորապես, հեշտացվել է փաստաթղթերի ներկայացումը. դիմորդները դրանք ծրարավորված, գցում են ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի 1-ին հարկում տեղադրված փոստային արկղի մեջ:
Բացի այդ, գրավոր քննության առաջադրանքը, ի տարբերություն նախկինում կիրառվող տեսական հարցերի, իրենից ներկայացնում է մեկ իրավական խնդիր, որը կազմվում է նախօրոք` բանավոր քննության հարցաշարի շրջանակներում:
Գրավոր քննության աշխատանքները գրվում են ծածկագրված տետրերում, որոնց ծածկագրերը վերծանվում են միայն քննության արդյունքներն ամփոփելուց հետո:
Իսկ բանավոր քննության հարցաշարն ընդգրկում է ՀՀ քրեական իրավունքի, ՀՀ քրեական դատավարության իրավունքի և քրեագիտության բնագավառները: