Բոլոր աշխատողների, այդ թվում քաղաքացիական ծառայողների, պարտականությունն է անընդհատ կատարելագործել իրենց գիտելիքներն ու հմտությունները:
Քաղաքացիական ծառայողների գիտելիքների ու հմտությունների կատարելագործումն իրականացվում է նրանց վերապատրաստման միջոցով: Վերապատրաստման գործընթացը կազմակերպում և համակարգում է քաղաքացիական ծառայության խորհուրդը՝ համագործակցելով համապատասխան մարմինների հետ:
Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:
Վերապատրաստումն անցկացվում է նաև քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում՝ քաղաքացիական ծառայողի կամ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ:
Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա:
Քաղաքացիական ծառայողների վերապատրաստողների թեկնածությունը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:
Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացվում է քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատած ծրագրերով:
Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողները կարող են նաև գործուղվել այլ երկրներ:
Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղուղման դեպքերում պահպանվում են քաղաքացիական ծառայողի պաշտոնը և ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ: