Ինչո՞ւ ավելի վաղ չեմ հրաժարական տվել. Արայիկ Հարությունյանը պարզաբանում է

Արցախի Հանրապետության հրաժարականի դիմում ներկայացրած նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում պարզաբանել է, թե ինչու ավելի վաղ հրաժարական չի տվել, ինչպես նաև այն, թե ով է լինելու հաջորդ նախագահը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղյակ եք, որ սեպտեմբերի 1-ից ես վայր եմ դրել Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները՝ Ազգային ժողովին հղած հրաժարականիս դիմումի հիման վրա: Կուզեի այդ և հարակից զարգացումների վերաբերյալ մի քանի հիմնական հարցի անդրադառնալ.
1. Ինչո՞ւ ավելի վաղ չեմ հրաժարական տվել, քանի որ գործող սահմանադրական կարգավորումները ենթադրում էին, որ իմ հրաժարականի դեպքում պետք է միաժամանակյա նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպվեին, իսկ դրա իրագործման հնարավորությունը խիստ մշուշոտ էր, հատկապես՝ շրջափակման պայմաններում:

Ուստի ես նախաձեռնեցի, և Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության փոփոխություն, որպեսզի հնարավոր լինի ռազմական դրության ժամանակ խորհրդարանի կողմից ընտրել անցումային նախագահ՝ մինչև գործող հանրապետության նախագահի լիազորությունների ավարտը: Սահմանադրության 168.1-րդ հոդվածն ուժի մեջ է մտել հուլիսին, որից հետո քանիցս մտածել եմ հարմար պահի մասին, սակայն կարևոր արտաքին քաղաքական զարգացումների վրա բացասաբար չազդելու համար որոշ ժամանակ սպասել եմ և որոշումս կայացրել օգոստոսի վերջին:

2. Ի՞նչ է տեղի ունենալու մինչև Հանրապետության նոր նախագահի ընտրությունը. ինչպես Սահմանադրությունն է կարգավորում, Ազգային ժողովի նախագահը ժամանակավորապես իրականացնում է Հանրապետության նախագահի լիազորությունները, որը պարզապես մի քանի օրվա հարց է: Բացի դրանից՝ ինչպես հայտարարել եմ, նախքան հրաժարականս նշանակել եմ նոր պետական նախարար՝ լայն լիազորություններով, որպեսզի նաև այդ միջոցով հնարավոր լինի պահել պետական համակարգի կայունությունը:

3. Ո՞վ է լինելու Հանրապետության հաջորդ նախագահը. այդ հարցի լուծումը Սահմանադրությամբ վերապահված է բացառապես Ազգային ժողովին՝ խմբակցությունների առաջարկությունների հիման վրա: Ուստի պատգամավորներին կոչ եմ անում Հանրապետության նախագահի ընտրության հարցում առաջնորդվել իրենց խղճով և չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների:

Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ես դադարեցրել եմ իմ կուսակցական գործունեությունը և որևէ առնչություն չունեմ «Ազատ հայրենիք» կուսակցության հետ: Ուստի որևէ կերպ չեմ կարող և չեմ ցանկանում ներգրավվել Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության դիրքորոշման ձևավորման գործում, և իրենք ամբողջովին ինքնուրույն կերպով կորոշեն իրենց մոտեցումները:

Ո՛չ ես, ո՛չ էլ մեկ այլ կողմնակի անձ իրավունք չունենք միջամտելու այդ գործընթացին: Հորդորում եմ բոլոր քաղաքական ու հանրային գործիչներին զսպվածություն ցուցաբերել և առաջնորդվել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և ժողովրդավարական բարձր քաղաքական մշակույթով:

Սա մեր պետական ու քաղաքական համակարգերի կարևորագույն քննությունն է, որը պետք է անցնենք պատվով ու անցնցում: Եթե որևէ անձ կամ խումբ փորձի ցնցումներ հրահրել, դա կլինի լրջագույն հարված Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին ու ապագային: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունից վերջին օրերին հնչող տարաբնույթ հայտարարություններին, որոնք արվում են այս կամ այն հնարավոր թեկնածուի օգտին կամ դեմ, ապա այդ անձանց պարզապես խնդրում եմ չխառնվել ու չխաթարել Արցախի ներքին կյանքի փխրուն կայունությունը՝ այն էլ նման ծանրագույն ժամանակահատվածում:

4. Ի՞նչ եմ անելու այսուհետ. նախևառաջ, կանգնելու եմ Հանրապետության նորընտիր նախագահի կողքին՝ անկախ անձից, և իմ բոլոր հնարավորություններով աջակցելու եմ նրան առկա ներքին ու արտաքին մարտահրավերներն արժանապատիվ ու արդյունավետ կերպով հաղթահարելու հարցում: Բացի դրանից, ինչպես հայտարարել եմ, հիմնական ջանքերս ուղղելու եմ Արցախի անվտանգության ապահովման աշխատանքներին աջակցելուն՝ առանց հրապարակայնորեն փակագծեր բացելու: Իսկ ներքին քաղաքական գործունեությամբ ընդհանրապես չեմ զբաղվելու: Ամեն դեպքում, ընդհատակ չեմ անցնելու և պարբերաբար հանդես եմ գալու նաև հրապարակային խոսքով Արցախի համար կարևոր հարցերի վերաբերյալ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել