Մի շարք «ժողովրդական և վաստակավոր» կոչումներ կհանվեն․ նախագիծ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ։

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծով առաջարկվում է  հանել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի, Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչումները և Հայաստանի Հանրապետությունում սահմանել միայն Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ Օրենքով պատվավոր կոչումների նախատեսման նպատակն ի սկզբանե եղել է առանձին ոլորտում առանձնակի հաջողություններ և ներդրում ունեցած անձանց խրախուսելը, պատվավոր կոչումներն իրավակիրառ պրակտիկայում չեն ապահովում հետապնդած նպատակների իրականացումը: Ավելին, պատվավոր կոչումների շնորհումը հաճախ դրական հետևանքներ ունենալու փոխարեն բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական հանրույթի ներսում առաջացող հարաբերությունների և առանձին մասնագիտությունների և կոլեկտիվների համարժեք հանրային ընկալման ձևավորման վրա: Վերոգրյալի հիման վրա առկա է անհրաժեշտություն՝ չեղարկելու Օրենքով ներկայումս նախատեսված պատվավոր կոչումները և նախատեսելու մեկ միասնական պատվավոր կոչում՝ դրա շնորհման հիմքում դնելով այլ մեթոդաբանություն՝ հետևյալ հիմնավորումներով:

Մշակույթի և արվեստի ոլորտում ներկայումս նախատեսված պատվավոր կոչումների  չեղարկման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ որևէ արվեստագետի կամ մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող գնահատվել կամ որոշվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: «Ժողովրդականություն», «վաստակավորություն» հասկացությունները չափելի և որևէ կոնկրետ չափանիշով գնահատելի չեն, ինչպիսի պայմաններում հնարավոր չէ նախատեսել այնպիսի օբյեկտիվ չափանիշներ, որոնք հնարավորություն կտան տվյալ ոլորտի գործիչների գործունեությունը և արժանիքներին տալ այնպիսի չափելի գնահատական, որը հնարավորություն կտա առանձնացնել առավել ժողովրդականներին կամ ամենաժողովրդականներին: Ակնհայտ է, որ «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունը, հանրային ճանաչելիությունը, նրա կերպարի և գործունեության հանրային ընկալումը, ինչը չի կարող ո՛չ ստուգվել կամ չափվել, ո՛չ էլ առավել ևս վավերացվել կամ մերժվել որևէ իրավասու պետական մարմնի կողմից:

Հանրակրթության և գիտության որորտում առկա պատվավոր կոչումների չեղարկման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրակրթության ոլորտում առկա են պետական ռազմավարությունից բխող մասնագիտական զարգացման և արժևորման հստակ ուղղություններ: Այդ գործընթացներով անցնող մասնագետներն արդեն իսկ ձեռք են բերում մասնագիտական վարկանիշ և խթան են հանդիսանում ոլորտի մասնագետների համար՝ նպաստելով համակարգի հեղինակության բարձրացմանը: Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման առկայությունը վարկանիշային անձեռնմխելիության դեր է կատարում և անորոշ, սուբյեկտիվ սկզբունքներով վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման շնորհումն ուղղակիորեն խոչընդոտում է ոլորտի քաղաքականության վերափոխմանը՝ որոշակի մասնագետների համար սահմանելով արտոնություն և ստեղծելով անհավասար պայմաններ մյուս մասնագետների համար: Նույն կերպ հիմնավորվում է նաև գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման չեղարկման անհրաժեշտությունը:

Առողջապահության ոլորտում սահմանված՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը շնորհվում է առողջապահության բնագավառում առնվազն 15 տարի աշխատած, մասնագիտական բարձր կարողություններ և հաջողություններ ունեցող, անձնվիրություն ցուցաբերած բժիշկներին: Սակայն մասնագիտական բարձր կարողություններ և հաջողություններ ունենալու, անձնվիրություն հասկացություններն անորոշ և հարաբերականորեն չափելի ցուցիչներ են, վերոնշյալի գնահատման մեխանիզմներ ևս առկա չեն, ինչպիսի պայմաններում վաստակավոր բժշկի կոչման շնորհումը ևս բացասական ազդեցություն է ունենում բժշկական հաստատությունների և առհասարակ բժշկական հանրույթի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, և հնարավորություն չի տալիս առողջապահական ծառայությունների շահառու հանդիսացող հանրությանը՝ կանխատեսելի, չափելի և օբյեկտիվ չափանիշով առանձնացնել ոլորտի իրական բարձր պրոֆեսիոնալներին:

Տնտեսության, ճարտարապետության և շինարարության ոլորտներում վաստակավոր ճարտարապետի, վաստակավոր շինարարի և տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումների չեղարկումը, ի թիվս վերը հիշատակված հանգամանքների, պայմանավորված է քաղաքակիրթ և զարգացած երկրներում, որպես կանոն, տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող գործիչների արժևորման նման ձևաչափերի նախատեսված չլինելով և պատվավոր կոչումների շնորհման համար հստակ չափորոշիչներ սահմանված չլինելով և այդպիսի չափանիշների սահմանման անհնարինությամբ:

Օրենքով նախատեսված են նաև վաստակավոր իրավաբանի և վաստակավոր լրագրողի պատվավոր կոչումները, որոնց չեղարկման անհրաժեշտությունը, ի թիվս վերը հիշատակված հանգամանքների, պայմանավորված է հետևյալ հանգամանքներով: Վաստակավոր լրագրող կոչումը չի կարող հանդիսանալ լրագրողի աշխատանքի գնահատման կարևոր պայման, քանի որ վերջինիս գլխավոր առաքելությունն է հանրությանը ժամանակին, ճշգրիտ և ամբողջական տեղեկատվության տրամադրումը, հետևաբար՝ լրագրողի գործունեության գնահատման հիմքում ընդհանուր առմամբ պետք է դրվեն հանրության կողմից նրա պատրաստած լրատվական նյութի բովանդակությունը, արծարծվող հարցերը խորությամբ, անաչառ և համապարփակ ներկայացնելու ունակությունը, մինչդեռ տվյալ կոչման առկայությունն անհավասար պայմաններ է ստեղծում լրատվության ոլորտում գործող լրագրողների գործունեության համար: Լրագրողական անհատականության պահպանման սկզբունքից ելնելով իսկ` պրոֆեսիոնալ գործունեության այս ձևաչափը համարվում է անհամատեղելի:

Ինչ վերաբերում է վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչման չեղարկմանը, ապա հարկ է նկատել, որ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը շնորհվում է իրավաբանության բնագավառում առնվազն 15 տարի աշխատած իրավաբաններին` իրավագիտության և իրավաբանության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման, իրավական պետության ձևավորման և օրենսդրության կատարելագործման գործում ունեցած մեծ վաստակի համար: Սակայն իրավագիտության և իրավաբանության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման, իրավական պետության ձևավորման և օրենսդրության կատարելագործման գործում ունեցած մեծ վաստակ ունենալը խիստ անորոշ, սուբյեկտիվ գնահատողական և հարաբերականորեն չափելի ցուցիչներ են, ինչի օբյեկտիվ գնահատման մեխանիզմներ մինչ օրս նախատեսված չեն և ողջամտորեն չեն էլ կարող նախատեսվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել