Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի ինքնազգացողությունը վատացել է․ փ/ծ փոխգնդապետ Արմեն Գասպարյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։08-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Մարտիրոս բնակավայրի մոտակա սարերում։
Հրդեհաշիջմանը ներգրավվել են ՆԳՆ փրկարար ծառայության մարտական 3 հաշվարկ, օպերատիվ 5 խումբ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականցնող կենտրոնից 2 խումբ, նաև Մարտիրոս համայնքի կամավորական ջոկատից փրկարարներ և Վայքի համայնքապետարանի ջրատար։
Դեպի Մարտիրոս և Խնձորուտ բնակավայրեր հրդեհի տարածումը կանխվել է, իրականացվել հրդեհաշիջում Փոռ և Զառիթափ բնակավայրերի ուղղությամբ։
Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու ժամանակ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արմեն Հենրիկի Գասպարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են Վայքի բուժկենտրոն։ Փ/ծ փոխգնդապետ Արմեն Գասպարյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։
Ներքին գործերի նախարարությունն ու ՆԳՆ փրկարար ծառայությունը կիսում են Արմեն Գասպարյանի կորստյան վիշտը և ցավակցում ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին։