Մեր զորակցությունն ենք հայտնում ձեր հերոսական մաքառմանը․ ԱԼԳ քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի զորակցական շնորհավորական ուղերձը Արցախի ժողովրդին

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի զորակցական շնորհավորական ուղերձը Արցախի ժողովրդին.

«Արցախի սիրելի հայրենակիցներ, 

շնորհավորում ենք ձեզ Արցախի անկախության օրվա կապակցությամբ եւ մեր զորակցությունը հայտնում ձեր հերոսական մաքառմանը, որի շնորհիվ ադրբեջանական բռնապետությանը չի հաջողվում եւ չի հաջողվելու կոտրել ձեր ազատատենչ ոգին եւ սեփական հողում անվտանգ եւ արժանապատիվ ապրելու երազանքը։ 

Սիրելի արցախցիներ, վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացիական հասարակությունը ոչ մի րոպե չեն դադարում մտածել ձեր մասին ապրումակցել ձեր տառապանքներին։ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը, նրա անդամ կազմակերպությունները շարունակում են ջանքեր գործադրել իրենց եվրոպացի գործընկերներին հասցնելու համապարփակ տեղեկատվություն Լաչինի միջանցքի՝ ռուս-ադրբեջանական արգելափակման հետեւանքով Արցախում ահագնացող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, որն օրեցօր վերաճում է  հումանիտար աղետի եւ մի նոր Հոլոդոմորի՝ 21-րդ դարում՝ հանցավոր նպատակ  ունենալով հայրենազրկել ու տեղահանել իր բնօրրանում ապրող ժողովրդին։ Պետք է հասնենք նրան, որ եվրոպական երկրների բարոյական աջակցությունը վերաճի առարկայական քաղաքական գործողությունների՝ ուղղված Ադրբեջանի վրա ճնշում գործադրելուն եւ Արցախի ժողովրդի անվտանգությունն ու անօտարելի իրավունքներն ապահովելուն։ 

Մենք շարունակում ենք պնդել, որ Լաչինի միջանցքը և Լեռնային Ղարաբաղը / Արցախը պետք է ճանաչվեն որպես ՄԱԿ-ի ենթամանդատային տարածք, եւ այդտեղ պետք է տեղակայվեն միջազգային (ՄԱԿ-ի) խաղաղարար ուժեր։ Ալիեւի բռնատիրական վարչակարգը իր չդադարող ցեղասպան գործողություններով ապացուցել է, որ Արցախի ցանկացած ենթակայություն Ադրբեջանին բերելու է Արցախի ոչնչացմանը եւ արցախահայության բնաջնջմանը կամ բռնագաղթին։ 

Մաղթում ենք ձեզ տոկունություն, ուժ եւ կորով՝ ազատության, արժանապատվության եւ ինքնիշխանության համար ձեր պայքարում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել