ՀՀ սեփականությանը կփոխանցվի Եռաբլուրի 4 միավոր անշարժ գույքը․ Վաչագան Ղազարյանի դիմումն ընդունվել է

Հակակոռուպցիոն դատարանը հաստատել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրան փոխկապակցված անձանց և Գլխավոր դատախազության միջև կնքած հաշտության համաձայնությունը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության սեփականությանը կփոխանցվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր անշարժ գույքը։

Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել է ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրությունը։ Կատարված ուսումնասիրության արդյունքում՝ Գլխավոր դատախազությունը 2022 թվականի մայիսի 31–ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում՝ պահանջելով Վաչագան Ղազարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել օրինական եկամուտներով չհիմնավորվող շուրջ 1 մլրդ 647 մլն դրամ և 7 մլրդ դրամ շուկայական արժեքով գույք։

2023 թվականի օգոստոսի 22–ին Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն է ներկայացվել հայցապահանջը մասնակի ընդունելու և հայցապահանջում ներառված «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր անշարժ գույքերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու վերաբերյալ դիմում։ Դիմումի հիման վրա՝ ՀՀ գլխավոր դատախազության և դիմում ներկայացրած անձանց միջև 2023 թվականի օգոստոսի 22–ին կնքվել է հաշտության համաձայնություն, որը նույն օրը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ օրենքով սահմանված կարգով հաստատելու նպատակով։

Վճիռն ամբողջությամբ՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել