Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորումը և կենսաապահովման պայմանների տրամադրումն իրականացվում է նրա պահպանման ծախսերի նախահաշվում նախատեսված միջոցների հաշվին:
Ապաստան հայցողները և նրանց ընտանիքի անդամները տեղավորվում են համապատասխան կենտրոնում, եթե դրա մասին նրանք նշել են իրենց ապաստան ստանալու մասին դիմումի մեջ կամ ներկայացրել են առանձին դիմում: Ապաստան հայցողները կարող են բնակվել նաև այլ վայրում` իրենց սեփական միջոցներով:
Կենտրոնում տեղավորվելու մասին ապաստան հայցողների դիմումի հիման վրա լիազոր մարմնի կողմից նրանց տրվում է ուղեգիր: Ուղեգրի ձևը սահմանվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
Ուղեգիրը տրվում է կենտրոնում ազատ սենյակների առկայության դեպքում: Ուղեգիր ստացած ապաստանհայցողներն անհապաղ տեղավորվում են կենտրոնում:
Կենտրոնում ապաստան հայցողների հետ միասին տեղավորվում են նաև ապաստան հայցողի ընտանիքի անդամները:
Ապաստան հայցողները կենտրոնում բնակվում են մինչև նրանց ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում ընդունվելը (ներառյալ մերժման որոշման բողոքարկման գործընթացի ավարտը):
Կենտրոնում տեղավորվելիս հաշվի են առնվում ապաստան հայցողների ընտանիքի անդամների թիվը, սեռը, տարիքը և այլ հանգամանքներ:
Միևնույն ընտանիքին չպատկանող տարբեր սեռի անձինք չեն կարող տեղավորվել միևնույն սենյակում:
Կենտրոնում հատկացված սենյակը ապաստան հայցողի կողմից 7 օր անընդմեջ անհարգելի պատճառով չզբաղեցվելու դեպքում կենտրոնի տնօրինությունը դրա մասին տեղեկացնում է լիազոր մարմնին, որը նրան տրված ուղեգիրն ուժը կորցրած է ճանաչում: Անհարգելի է համարվում, երբ ապաստան հայցողը կենտրոնի տնօրինությանը չի տեղեկացնում սենյակը չզբաղեցնելու հիմնավոր պատճառների մասին: