Սեպտեմբերից դպրոցները գործելու են ֆինանսավորման նոր մոդելով. ԿԳՄՍՆ

«Եթե նախկինում դպրոցների ֆինանսավորում իրականցվում էր ըստ աշակերտների թվի, ապա այժմ իրականացվելու  է ըստ դասարանների թվի, որը հատկապես էական ազդեցություն է ունենալու փոքրաթիվ սովորողներ ունեցող դպրոցների ֆինանսավորման առումով: Նման հաստատությունները մշտապես խնդիրներ էին ունենում աշակերտների փոքր համակազմի պատճառով, այժմ նրանք բարելավում կունենան: Նոր չափորոշչի ներդրվող դասարաններում լինելու է ուսուցիչների դրույքաչափի բեռնաթափում. գործող 22 ժամվա փոխարեն 2-րդ դասարանում շաբաթական 18 ժամ են դասավանդելու, իսկ 5 և 7-րդ դասարաններում՝ 20-ական ժամ: Աշխատավարձը պահպանվելու է 22 ժամ դրույքաչափի համամասնությամբ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: Իսկ մինչև 100 սովորող ունեցող դպրոցներում, որտեղ չկար մեկ դրույքաչափով աշխատելու հնարավորություն, քանի որ առարկաների դասաժամերը քիչ էին, ուսուցիչների աշխատավարձը կկլորացվի մինչև մեկ դրույք, բայց ոչ ավելի, քան կես դրույքի չափով: «Այս ծրագիրը կկանխի այն հնարավոր ռիսկը՝ ըստ որի ամբողջական դրույք չունեցող ուսուցիչները կարող են հեռանալ դպրոցից»,- նշել է փոխնախարարը: 

Մեկ այլ փոփոխությամբ դպրոցների բյուջեները կազմվելու են ավտոմատացված համակարգով: Ծրագիրը և բանաձևերը հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում: Տնօրեններից միայն պահանջվելու է տեղադրել ամբողջ տեղեկատվությունը:

Ֆինանսավորման նոր մոդելով՝ դպրոցներն ունենալու են հոգեբանական ծառայության հնարավորություն՝ հոգեբանի հաստիքի ներդրմամբ:

«Այս ծառայության կայացումը շատ ենք կարևորում, քանի որ դպրոցն այն միջավայրն է, որը ոչ միայն գիտելիք, կարողություն ու հմտություն է փոխանցում, այլև պետք է ձևավորի աշակերտին որպես անձ, տա արժեքային համակարգ, և պետք է լինի այն ապահով ու անվտանգ միջավայրը, որտեղ կիրականցվի որակյալ և արդյունավետ ուսումնական գործընթաց»,- ներկայացրել է Արաքսիա Սվաջյանը:

Ֆինանսավորման նոր մոդելը փոփոխություն կմտցնի նաև ներառական կրթության ոլորտում: «Նախկին գործող մոտեցմամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար տրամադրվում էր բարձրացված չափաքանակը, որը ուղղվում էր նրանց համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, ինչը ոչ այնքան արդյունավետ էր: Այս նոր ֆինանսավորման բանաձևում ունենք 2 նպատակային տող: Առաջինը վերաբերում է միջավայրի հարմարեցումներին՝ ապահովելու առնվազն նվազագույն հարմարեցումներ ԿԱՊԿՈւ երեխաների համար: Կան նաև մեթոդական ուղեցույցներ, որոնք կօգնեն դպրոցի ղեկավարությանը այդ հարմարեցումների ստեղծման գործընթացում: Երկրորդ տողը խելամիտ հարմարեցումներն են, որոնք ուղղված են կոնկրետ երեխայի այս կամ այն կրթական կարիքի ապահովմանը, ինչը հնարավորություն կտա երեխային լինել առավել մասնակցային և արդյունավետ կրթություն ստանալ»,- իրազեկել է Արաքսիա Սվաջյանը:

25 տոկոս հավելավճար ԲՏՃՄ դասավանդող ուսուցիչներին

Հաջորդ կարգավորմամբ նոր ուսումնական տարում բնագիտական 6 առարկաներ դասավանդող ուսուցիչները կստանան 25 տոկոս լրավճար՝ իրենց աշխատավարձի համամասնությամբ: Ծրագրի նպատակն է լրացնել մանկավարժների բացը դպրոցում և ոլորտում ներգրավել նոր մասնագետների: ԿԳՄՍ փոխնախարարը հիշեցրել է, որ մեկ այլ ծրագրով Կառավարության որոշմամբ՝ բնագիտական առարկաների ուսուցիչներ պատրաստող բուհերը 70000 դրամ կրթաթոշակ են տրամադրելու համապատասխան ֆակուլտետների ուսանողներին, գերազանցության դեպքում՝ 77000:  

Բարձր կրթաթոշակի ծրագիր է գործում նաև նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում: Գերակա մասնագիտությունների գծով, որոնց ցանկը հաստատվել Կառավարության կողմից, ուսանողները մինչև 50000 դրամ կրթաթոշակ կստանան: Նպատակը տվյալ մասնագիտությունների հանդեպ հետաքրքրություն առաջացնելն է և մասնագետների պատրաստմամբ՝ աշխատաշուկայի բացը լրացնելը: 

Կամավոր ատեստավորմանը հայտագրվել է 6355 ուսուցիչ

Անդրադառնալով մանկավարժական կարողությունների զարգացման ծրագրերին և խրախուսման մեթոդներին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այս տարվա կամավոր ատեստավորմանը հայտագրվել է 6355 մանկավարժ, ատեստավորման ժամաակացույցն արդեն հայտնի է: Հայտագրվածներից 1054-ը միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներն են, 776-ը՝ նախորդ տարի կամավոր ատեստավորման դրական շեմը չհաղթահարածները, 555-ը՝ դպրոցներում չաշխատող, սակայն ուսուցչի որակավորում ունեցող մասնագետներն են:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ամփոփել է ասուլիսը՝ շնորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթելով բեղմնավոր ուսումնական տարի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել