Գուրգեն Գրիգորյանը Շիրակի մարզի դատախազի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն․ ՔԿ պարզաբանումը

Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Նախօրեին մի շարք լրատվամիջոցներ արտատպել են «Փաստ» թերթում նույն օրը լույս տեսած «Սկանդալային ձևով պաշտոնից ազատվածը նոր պաշտոնի համար վարձահատո՞ւյց է լինում» վերտառությամբ ստահոդ, իրականությունն ակնհայտ խեղաթյուրող և ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Գուրգեն Գրիգորյանի բարի համբավն արատավորելուն միտված հոդվածը, որը լի է փաստական ու տրամաբանական մի շարք սխալներով ու անհեթեթություններով։

Նախ հարկ է նշել, որ Գուրգեն Գրիգորյանը Շիրակի մարզի դատախազի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Դրա պատճառների մասին լրատվամիջոցներին ժամանակին տրվել է պարզաբանում, ուստի դիտողականություն ապահովելու նպատակով նյութին սենսացիոն վերնագիր տալը պարզապես էժանագին հնարք է:

Եթե հրապարակման սկզբնաղբյուր լրատվամիջոցը հետապնդեր հանրությանն օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու ազնիվ նպատակներ, ապա պարտավոր էր արձանագրել նաև, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթով դեռևս 2023թ․ փետրվարի 28-ին որոշում է կայացվել Գ․Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ մեղսագրվող արարքը նրա կողմից չկատարելու հիմքով։ Գիտակցաբար թերի տեղեկությունների վրա նման տեղեկատվական մանևրներ կատարելը ոչ միայն լրագրողական էթիկայի պակասի, այլ նաև Գ․Գրիգորյանին անձնական թիրախավորման խոսուն վկայությունն են:

Երկրորդ՝ Գուրգեն Գրիգորյանը ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնին նշանակվել է 2023թ. հուլիսի 10-ին, իսկ վարչության պետի պաշտոնին՝ հուլիսի 27-ին։ Մինչդեռ լրատվամիջոցի վկայակոչած՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տ․Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած և հոդվածում վկայակոչված դեպքի առթիվ քրեական վարույթը նախաձեռնվել է հունիսի 19-ին, իսկ Տ․Խաչատրյանի նկատմամբ, բավարար հիմքերի առկայությամբ, քրեական հետապնդումը հարուցվել է հունիսի 22-ին, այսինքն՝ նրա նշանակումներից առաջ: Հետևաբար հոդվածում զարգացվող անհեթեթ մտքերը, թե վարույթի ընթացքը օբյեկտիվության հետ աղերս չունի, և իբրև թե անհիմն քրեական հետապնդմամբ Գ․Գրիգորյանը վարձահատույց է լինում ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում նշանակվելու համար, ընդամենը բորբոքված երևակայության արդյունք է։

Այս իմաստով վարույթի նախաձեռնումը և դրա ընթացքը ոչ օբյեկտիվ և առանց բավարար հիմքերի լինելու, քննիչի կողմից քննության օրինական ընթացքին խոչընդոտելու, Գ․Գրիգորյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մտերիմ հարաբերությունների մասին հոդվածում արվող դատողությունները, սուբյեկտիվ գնահատականները ոչնչով փաստարկված չեն։ Դրանք ուղղված են վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեցող Տ․Խաչատրյանի պաշտպանի կողմից վարվող պաշտպանական պարզունակ տակտիկայի տեղեկատվական սպասարկմանը, ինչն ուղեկցվում է Տ․Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը քաղաքական երանգ հաղորդելու անհաջող փորձով։

Նմանատիպ եղանակով վարույթն իրականացնող մարմնի կողմից իր պարտականությունների պատշաճ կատարումը ստվերելու, քննչական ստորաբաժանման և վերջինիս ղեկավարի վրա տեղեկատվական և հոգեբանական ճնշում գործադրելու ջանքերը, որոնք կամա թե ակամա ուղղվում են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից մարզում հանցավորության դեմ պայքարում դրսևորվող հաստատակամությունը կոտրելուն, անիմաստ են և դատապարտված են անհաջողության»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել