Ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտման տեղում կանխիկ տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագիրը խիստ հաշվառման փաստաթուղթ է, որը ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը տրամադրում է ՀՀ ֆինանսների նախարարությունը` յուրաքանչյուր եռամսյակից մեկ ամիս առաջ ճանապարհային ոստիկանության կողմից ներկայացված նախնական պատվերի հիման վրա:
Ճանապարհային ոստիկանությունում անդորրագրերը հաշվառում են վարչական իրավախախտումները հաշվառող և գանձապահի պարտականությունները կատարող համապատասխան պաշտոնատար անձինք (գանձապահ):
Ճանապարհային ոստիկանության ծառայողները հերթափոխի անցնելուց առաջ գանձապահից ստանում են անդորրագրերը, ինչի մասին կատարվում է նշում համապատասխան մատյանում` նշելով անդորրագրերն ստացող ծառայողի և ստացված անդորրագրերի փաթեթի առաջին ու վերջին համարները: Ճանապարհային ոստիկանության ծառայողը հերթափոխի անցնելուց առաջ կարող է գանձապահից չստանալ անդորրագրեր, եթե չի օգտագործել նախորդ հերթափոխի համար ստացած անդորրագրերի փաթեթը:
ՃԵԿ խախտման հայտնաբերումից և արձանագրումից հետո ճանապարհային ոստիկանության ծառայողը պարտավոր է, իրավախախտում կատարողի համաձայնությամբ, տեղում կանխիկ տուգանք գանձելու համար լրացնել և նրան տալ վճարման անդորրագիր: Անդորրագիրը լրացվում է երկու` նույնաբովանդակ օրինակից, որոնցից մեկը տրվում է տուգանքը վճարողին (երթևեկության մասնակցին), իսկ մյուսը մնում է ճանապարհային ոստիկանության ծառայողի մոտ և կցվում վարչական իրավախախտման մասին արձանագրությանը:
Հերթափոխի ավարտին ճանապարհային ոստիկանության ծառայողը տեղում կանխիկ ձևով գանձված տուգանքների գումարը` լրացված, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերի, վարչական իրավախախտման մասին արձանագրությունների հետ միասին, հանձնում է գանձապահին:
Անդորրագիրը համարվում է օգտագործման համար ոչ պիտանի, եթե վնասված է դրա ամբողջականությունը, կամ դրանում առկա են տպագրական կամ բովանդակային թերություններ:
Եթե ճանապարհային ոստիկանության ծառայողի հերթափոխի ավարտը չի համընկնում գանձապահի աշխատանքային ժամերի հետ, ապա ծառայողը գանձված տուգանքների գումարը` լրացված, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերի ու արձանագրությունների հետ միասին, գանձապահին է հանձնում ոչ ուշ, քան մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը:
Գանձապահը ճանապարհային ոստիկանության ծառայողներից կանխիկ գումարն ստանալուց հետո` ոչ ուշ, քան մինչև հաջորդ բանկային օրվա ավարտը, հավաքված կանխիկ դրամը փոխանցում է ճանապարհային ոստիկանության համապատասխան արտաբյուջետային հաշվին:
Փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը կցվում է տվյալ օրը կազմված վարչական իրավախախտումների մասին այն արձանագրությունների փաթեթին, որոնցով նշանակված տուգանքը գանձվել է տեղում:
Գանձապահը ոչ ուշ, քան մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա յոթերորդ աշխատանքային օրը ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմին է ներկայացնում անդորրագրերի հաշվառման, ըստ անդորրագրերի` տեղում գանձված տուգանքների և դրանք սահմանված ժամկետում ճանապարհային ոստիկանության համապատասխան արտաբյուջետային հաշվին փոխանցելու մասին հաշվետվություն: Հաշվետվությունում` առանձին սյունակում պետք է նշվեն այն անդորրագրերի հերթական համարներն ու դրանց լրացման ամսաթվերը, որոնցով տեղում տուգանքը գանձվել է հաշվետու ամսվա վերջին, սակայնճանապարհային ոստիկանության համապատասխան արտաբյուջետային հաշվին է փոխանցվել հաշվետու ամսվան հաջորդող ամսին:
Ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմինը գանձապահներից ստացված հաշվետվությունների հիման վրա իրականացնում է անդորրագրերի տվյալների կենտրոնացված հաշվառում և անդորրագրերում նշված տուգանքների գումարները յուրաքանչյուր ամիս համեմատում արտաբյուջետային հաշվից քաղվածքի հետ: Արտաբյուջետային հաշվից քաղվածքը ճանապարհային ոստիկանությանը տրամադրում է կենտրոնական գանձապետարանը: Անհամապատասխանության հայտնաբերման դեպքում ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմինը միջոցներ է ձեռնարկում այն պարզելու և, պակասորդ հայտնաբերելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերականգնելու համար:
Ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերը գանձապահին չհանձնելը, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության ծառայողի կամ գանձապահի կողմից` իրենքով սահմանված ժամկետների խախտումը համարվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական զանցանք, որի համար առաջանում է օրենքով սահմանված պատասխանատվություն: