Ամուսնության մասին համատեղ դիմումը` ամուսնացողների ընտրությամբ, տրվում է նրանցից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային մարմին (այսուհետ՝ ՔԿԱԳ մարմին):
Ամուսնության մասին համատեղ դիմումին կից պետք է ներկայացվեն նաև ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը (պատճենները ՔԿԱԳ մարմնում պահպանվում են դիմումի հետ միասին):
Առանց մշտական հաշվառման ապրող քաղաքացիների ամուսնության գրանցումը կատարվում է ամուսնացող քաղաքացու ժամանակավոր բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից: Այդ դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք ժամանակավոր բնակության վայրից, տրված իրավասու մարմինների կողմից։
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի թույլտվության հիման վրա՝ ՔԿԱԳ մարմնում։
Եթե ամուսնության մասին դիմումը տրվում է ամուսնանալ ցանկացող զինծառայողի կողմից, ըստ ծառայության վայրի, ապա զինծառայողի բնակավայր է համարվում համապատասխան զորամասի կամ հիմնարկի տեղաբաշխման վայրը: Զինծառայողի կողմից ներկայացվում է զինծառայության վայրից տեղեկանք։
ՔԿԱԳ մարմիններում ամուսնության մասին դիմումի տրման օրը պետք է գրանցվի դիմումների հաշվառման հատուկ մատյանում, որտեղ նշվում է ամուսնացողների ազգանունը, անունը և հայրանունը, դիմումն ընդունելու ու ամուսնությունը գրանցելու համար նշանակված ժամանակները, իսկ հետագայում նաև` ամուսնության գրանցման համարը և ժամանակը:
Եթե դիմում տալիս ամուսնացողների ներկայությունը ՔԿԱԳ տարածքային մարմնում որևէ պատճառով հնարավոր չէ (միմյանցից հեռու ապրելը, ծանր հիվանդությունը, զինվորական ծառայության մեջ գտնվելը և այլն), ապա դիմումը` ստորագրված ամուսնացող անձի կողմից կարող է ՔԿԱԳ տարածքային մարմնի ներկայացնել նրանցից մեկը: Այդ դեպքում բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի նոտարական կարգով կամ օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսական մարմինների կողմից։
Վերոհիշյալ կարգով վավերացված դիմումը ուղարկվում է ամուսնության գրանցման վայրի ՔԿԱԳ մարմին: Դիմումի ընդունման ժամանակը հաշվարկվում է ՔԿԱԳ մարմին դիմումը մուտքագրվելու օրվանից։
Ստանալով ամուսնության մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը ստուգում է դիմողների անձը հաստատող փաստաթղթերը, դիմումին կցված փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը: