Հայ- ադրբեջանական սահմանագծում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից տրված պատասխան գործողությունները Ադրբեջանին ինքնապաշտպանության դրսեւորումներ են: Այս որակումն է տալիս Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր Լևոն Գևորգյանը: «ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված է ուժի գործադրման արգելքը, որը այսօրվա միջազգային իրավունքի կենտրոնական հոդվածներից է եւ սահմանում է նաեւ համաչափ պատասխան գործողությունների իրականացման հնարավորությունը»,-ասում է Լևոն Գևորգյանը:
Ըստ նրա`Հայաստանը պետք է ավելի ակտիվորեն միջազգային հանրության եւ մասնավորապես ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրի Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը չպահպանելու խնդրի վրա` ՄԱԿ-ի քննարկմանը դնելով ադրբեջանական սադրանքների հարցը:
Նշենք, որ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը հիմնադրման օրվանից զբաղվում է հայկական պետականության այն խնդիրներով, որոնք առնչություն ունեն միջազգային հարաբերություններին ու միջազգային իրավունքի: