ՀՀ-ից հափշտակվել է խոշոր չափերի գումար․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերությունների համահիմնադիրների, տնօրենների և մի շարք այլ աշխատակիցների կողմից խարդախությամբ և փաստաթղթեր կեղծելու և իրացնելու միջոցով պետությունից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված և վեց մեղադրյալների մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Քննությամբ պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 15-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության միջև կնքվել է ՀՀ-ին պատկանող, երթևեկության նկատմամբ հսկողություն իրականացնող համակարգերի հավատարմագրային կառավարման պայմանագիր, որով սահմանվել է, որ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունը վարձատրվում է ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ տեխնիկական հսկողության համակարգերի միջոցով հայտնաբերված իրավախախտումների համար նշանակված տուգանքների փաստացի գանձումների գումարի և կրած ծախսերի համար հատուցման ենթակա գումարների տարբերության 10 տոկոսի չափով: Ավելին, նույն պայմանագրով սահմանվել է նաև, որ նշված համակարգերի սպասարկման նպատակով մատուցվելիք ծառայությունների համար «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունը ստանալու է կատարված ծախսերի 100 տոկոս փոխհատուցում: «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունը նշված երթևեկության նկատմամբ հսկողություն իրականացնող համակարգերի տեխնիակական սպասարկման համար պայմանագիր է կնքել «Էլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերության հետ:

Վարութային և քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերոհիշյալ ընկերությունների համահիմնադիրների, տնօրենների և մի շարք աշխատակիցների կողմից մշակվել է պետությունից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու մեխանիզմ, պարզվել են հանցավոր շղթայում մասնակցություն ունեցած անձանց ինքնությունն ու դերակատարությունը, ինչպես նաև՝ պետությանը պատճառված վնասի չափը: 

Մասնավորապես՝ Ա.Զ.-ն, հանդիսանալով «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերությունների համահիմնադիր և 2017 թվականի փետրվարի 15-ից մինչև 2019 թվականի մարտ ամիսը ներառյալ ընկած ժամանակահատվածում հանդիսանալով նաև «Էլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերության գործադիր մարմնի ղեկավար՝ տնօրեն, և «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ պատասխանատու լինելով հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան ընկերության հաշվապահական հաշվառում կազմակերպելու և ֆինանսական հաշվետվությունները ներկայացնելու համար, օգտագործելով «Էլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերությունում գործադիր մարմնի ղեկավարի, ինչպես նաև նշված երկու ընկերություններում` իր դիրքն ու հիմնադրին վերապահված լիազորությունները, 2017 թվականի փետրվարի 15-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, մի խումբ անձանց՝ նույն ընկերությունների համահիմնադիր Գ.Զ.-ի և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության տնօրեն Կ.Կ.-ի, այնուհետև՝ տնօրեն Ա.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հաշվապահ Ա.Խ.-ի ու «Էլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերության հաշվապահ Ս.Ս.-ի օժանդակությամբ, խարդախությամբ ուրիշի` առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, Ս.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ կազմել են ծառայությունների մատուցման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ կատարողական ակտեր, իրացրել՝ ներկայացրել են «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերություն, որտեղ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահ  Ա.Խ.-ն, տարբեր ժամանակահատվածներում տնօրեններ Կ.Կ.-ն և Ա.Պ.-ն, տեղյակ լինելով դրանց կեղծ լինելու հանգամանքի մասին, նշված կատարողական ակտերն օգտագործել և դրանց հիման վրա կազմել են հանձման-ընդունման արձանագրություններ, որոնց հիման վրա էլ կազմվել են հարկային հաշիվներ և դրանք իրենց ամբողջության մեջ ներկայացվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ֆինանսական բաժանմունք` խաբեության եղանակով Հայաստանի Հանրապետությունից հափշտակելով առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 770.960.963 ՀՀ դրամ գումար:

Պետությանը պատճառված վնասի` ընդհանուր 770.960.963 ՀՀ դրամ գումարից 290.327.078 ՀՀ դրամը նախաքննության ընթացքում համահիմնադիրների կողմից հատուցվել է, իսկ դեռևս չհատուցված մասով չորս մեղադրյալների գույքերի և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի ֆինանսական միջոցների վրա դրվել են կալանքներ:

Վեց մեղադրյալներից երեքի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիառվել գրավը, երկուսի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելք:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկող դատախազին:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարում «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերությունների համահիմնադիր Ալեքսան Զաքարյանն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել