Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ներկայացրել է, թե Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում Ստեփանակերտը ինչ ակնկալիքներ ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ղազարյանը նշել է, որ արդեն ողջունելի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամին։
«Առիթից օգտվելով՝ ուզում եմ մեր շնորհակալությունը փոխանցել այն երկրների ներկայացուցիչներին, որոնք հստակ ձևակերպումներ են տվել Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանը և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը։ Միևնույն ժամանակ, մտահոգություն ունենք մի շարք երկրների կողմից Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների, ինչ-որ տրանսպորտային կոմունիկացիաների միջև հավասարության նշաններ դնելու փորձերի առնչությամբ, ինչն անթույլատրելի է և չի համապատասխանում Լաչինի միջանցքի՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված պարամետրերին։ Այստեղ պետք է նշենք, որ ՄԱԿ-ի ԱԽ այս արտահերթ հանդիպման հրավիրումը միայն մեկնարկն է, և այս գործընթացը շարունակվելու է:
Կարողությունների առումով նշեմ, այո՛, հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն այն կառույցն է, որն ունի և՛ նման իրավասություն, և՛ լիազորություններ` կանխարգելելու այն ցեղասպան քաղաքականությունը, որը մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից»,- ընդգծել է Արցախի ԱԳ նախարարը։