Այսօր տեղի է ունեցել Սնանկության մասին նոր օրենսգրքի նախագծի հայեցակարգային ուղղությունների վերաբերյալ քննարկումը, որին բացման խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը:
Տիգրան Դադունցը նշել է, որ Կառավարությունը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու ի կատար ածել դատաիրավական բարեփոխումների օրակարգը՝ դատաիրավական ոլորտի զարգացման և արդարադատության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
ՕԶԿ հիմնադրամի տնօրենը կարևորել է նաև սնանկության ոլորտում բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունը:
Արդարադատության նախարարությունը, կարևորելով արդի միտումներին և զարգացող տնտեսական հարաբերություններին համահունչ սնանկության համակարգ ունենալու անհրաժեշտությունը, դեռ անցած տարի նախաձեռնել էր սնանկության ոլորտի օրենսդրության բարելավման գործընթաց: Բարեփոխումների նպատակն է սնանկության ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին և կարգավորել այն խնդիրները, որոնք չեն լուծվել նախկինում կատարված բարեփոխումներով կամ որոնց անհրաժեշտությունը բացահայտվել է այդ փոփոխությունների կիրառման շրջանակներում:
Սնանկության վարույթին առնչվող բոլոր հարցերը միատեսակ չափանիշներով և սկզբունքներով կարգավորելու կարևորությամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ նախատեսվել է սնանկության ունիվերսալ օրենսդրության մշակման ռազմավարական ուղղությունը, որի շրջանակներում առանձնացվել են հաջորդական երկու գործողություններ՝ օրենսդրական բարեփոխումների հայեցակարգի մշակում ու քննարկում, և հայեցակարգի հիման վրա վեր հանված կարիքների և ուրվագծված խնդիրների համատեքստում սնանկության մասին օրենսդրության մեկ միասնական իրավական ակտի նախագծի մշակում և քննարկում: Հարկ ենք համարում նշել նաև, որ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության համաձայն՝ սնանկության ոլորտի օրենսդրական բարեփոխումների հայեցակարգի մշակումը և քննարկումը նախատեսվում է ավարտել մինչև 2023 թվականի 2-րդ կիսամյակը, իսկ սնանկության մասին օրենսդրության մեկ միասնական իրավական ակտի նախագծի մշակումը և քննարկումը՝ մինչև 2024 թվականի 2-րդ կիսամյակը:
Ներկայումս, Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ և միջազգային և տեղական փորձագետների ներգրավմամբ քայլեր են ձեռնարկվում համակարգային, համապարփակ և լիարժեք օրենսդրության հայեցակարգ մշակելու ուղղությամբ։
Նշենք, որ սնանկության ոլորտի օրենսդրության բարեփոխումներն Արդարադատության նախարարությունն իրականացնում է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ և օժանդակությամբ՝ ԱԶԲ կողմից տարածաշրջանում իրականացվող «Մասնավոր հատվածի և Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի օրենսդրության և քաղաքականության զարգացան մասին» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում։