16 ավագ դպրոցում փորձարկվելու է «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը. հիմքում մաթեմատիկայի խորացված ուսուցումն է

Սեպտեմբերից Հայաստանի վեց մարզերի և մայրաքաղաք Երևանի 16 ավագ դպրոցներում կմեկնարկի «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագիրը։ Այն մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից:

Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Այսօր տեղի է ունեցել «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի մեկնարկի միջոցառումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, «ԱԲ սերունդ» ծրագրում ընդգրկված դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները, պետական տարբեր գերատեսչություններից, ակադեմիական և ինդուստրիալ ոլորտներից։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել FAST հիմնադրամին քրտնաջան աշխատանքի, արդյունավետ համագործակցության համար և հույս հայտել, որ դպրոցների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ ծրագիրը շարունակական կլինի:

«Շատ ուրախ եմ, որ արդեն ունենք այնպիսի ծրագիր, որը թույլ է տալիս մի քանի ուղղությամբ աջակցել մեր երկրում ընթացող կրթական բարեփոխումներին: Տեխնոլոգիական և մաթեմատիկական կրթության զարգացմամբ ստեղծվում են էապես նոր գործիքներ և պայմաններ, որոնք նպաստում են ԲՏՃՄ կրթության որակի բարելավմանը: Կարևորում եմ, որ ծրագիրն իր գործիքակազմով ամբողջությամբ համապատասխանում է նոր չափորոշչին. նախագծային ուսուցում, կրեդիտային համակարգ, ճկուն ու նորարար մոտեցումներ: Այս ամենը մեր ուսուցիչների և աշակերտների համար ստեղծելու է բոլորովին նոր միջավայր: Գիտակցում ենք, որ դժվարին ճանապարհ ենք անցնելու, բայց արդյունքները գերազանցելու են մեր սպասելիքները»,-նշել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանը ծրագիրը կարևոր է համարել նաև ուսուցիչների կարողությունների զարգացման տեսանկյունից. «Վերապատրաստվելու են թե՛ «Մաթեմատիկա», թե՛ «Ինֆորմատիկա» դասավանդող ուսուցիչները, որպեսզի կարողանան իրականացնել այդ ավելի բարդ ծրագրերի դասավանդումը դպրոցներում»:

Նախարարը հատուկ ընդգծել է համագործակցությունը մասնավոր հատվածի հետ, քանի որ արհեստական բանականության ուսուցումը դպրոցներում իրականացնելու են ոլորտային ընկերությունների ներկայացուցիչները. «Այս առումով Հայաստանը առաջամարտիկ է, որովհետև առաջին երկրներից ենք, որտեղ արհեստական բանականությունը՝ որպես ծրագրային դասընթաց ներդրվելու է դպրոցներում»:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև այն դպրոցների ուսուցիչներին, որոնք ընդգրկված են ծրագրում. «Յուրաքանչյուր նոր կրթական ծրագիր ենթադրում է լրացուցիչ աշխատանք. շնորհակալ եմ ուսուցիչներին և տնօրեններին սրտացավության, հավելյալ ջանքերի և կրթությանը տրվող կարևորության համար»:

«Հաշվի առնելով աշխարհում արհեստական բանականության ոլորտի սրընթաց զարգացումներն ու մեր հավակնությունները կարևոր տեղ զբաղեցնելու աշխարհի ԱԲ քարտեզի վրա՝ մենք մեր գործընկերների հետ հանձն առանք այս ծրագիրը: «ԱԲ սերունդ»-ը կօգնի, որ մեր երեխաներն ու երկիրն ապագայում մրցունակ լինեն աշխարհի մակարդակով: Հավատում ենք, որ ծրագիրը հաջողելու է, և կարճ ժամանակում հասանելի է դառնալու հանրապետության բոլոր դպրոցներում, ինչն էլ կնպաստի երկրում համակարգային փոփոխությանը»,- ասել է FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:

Այս ուսումնական տարվանից ծրագրին միանալու են Արմավիրի մարզի երկու, Գեղարքունիքի` մեկ, Լոռու` երեք, Կոտայքի` չորս, Սյունիքի` մեկ, Շիրակի` երկու և Երևանի երեք կրթական հաստատությունները՝ ԱԲ կրթությունը հասանելի դարձնելով շուրջ 300 աշակերտի։

«ԱԲ սերունդ» ծրագիրը նպատակ ունի ստեղծելու արհեստական բանականության ոլորտի գիտնականի ու նորարարի կրթական ուղին՝ սկսած դպրոցից։ Ծրագիրը ներդրվում է ավագ դպրոցների 10-րդ դասարանում. աշակերտները կուսումնասիրեն խորացված մաթեմատիկա, ծրագրավորում՝ «Python» լեզվի հիման վրա, արհեստական բանականություն՝ ընդհանուր և խորացված ծրագրով: 10-րդ դասարանի ավարտին գիտելիքի ստուգման արդյունքներով աշակերտները կարող են շարունակել ԱԲ կրթությունը՝ խորացնելով գիտելիքները տարբեր ուղղություններով: Արդեն 12-րդ դասարանում կիրականացնեն պրակտիկ նախագծեր ԱԲ ոլորտում։

Ծրագիրը միտված է ապահովելու մասնագիտական կողմնորոշում՝ արհեստական բանականության (ԱԲ) հետազոտողի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացման և այս ուղղությամբ հետագա կրթությունը շարունակելու համար։

Նախատեսվում են նաև դասավանդողների վերապատրաստումներ և մենթորական ծրագիր՝ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ։

Ծրագրի փորձարարական ժամկետ է սահմանվել 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոս ամիսը, որից հետո այն նախատեսվում է ընդլայնել ու հասանելի դարձնել ավելի շատ դպրոցների և մեծաթիվ աշակերտների համար:

Միջոցառման ավարտին «Արհեստական բանականության սերունդ» ծրագրում ընդգրկված դպրոցների տնօրեններին հանձնվել են հավաստագրեր:

«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագրում ընդգրկված են Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցը, «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցը, Գեղարքունիքի մարզի Մարտունու Տ Աբրահամյանի անվան ավագ դպրոցը, Լոռու մարզի ՀԱՊՀ հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը, Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցը, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը, Կոտայքի մարզի Չարենցավանի Մ Մաշտոցի անվան ավագ դպրոցը, Հրազդանի Հ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցը, Հրազդանի Խ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցը, Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցը, Սյունիքի մարզի Կապանի թիվ 2 ավագ դպրոցը, Շիրակի մարզի Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը, Գյումրու տնտեսագիտական վարժարանը, Երևանի թիվ 198 ավագ դպրոցը, Երևանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցն ու Եվրասիա հենակետային վարժարանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել