Վթարի վայրում երթևեկության թույլատրելի արագությունը 50կմ/ժամ է․ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնող կազմակերպության հայտարարությունը

Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնող կապալառու կազմակերպության՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ի մամուլի հաղորդագրությունը՝ կապված ս/թ. օգոստոսի 14-ին կմ90 հատվածում տեղի ունեցած ողբերգական վթարի հետ․

««Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն, որ հանդիսանում է Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնող կապալառու կազմակերպությունը, հայտնում է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածը, որտեղ այս գիշեր տեղի է ունեցել վթարը, կահավորված է անվտանգության համապատասխան տարրերով՝ գծանշված է, տեղադրված են ճանապարհային նշաններ։ Վթարի վայրում երթևեկության թույլատրելի արագությունը 50կմ/ժամ է։

Նշենք, որ շինարարական աշխատանքներ իրականացվող ճանապարհահատվածներում երթևեկության արագությունը և անվտանգության միջոցները սահմանվում են ըստ Ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլանի, որը համաձայնեցված է ՆԳՆ հետ՝ շինարարության ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար։

Վթարից հետո «Սինոհիդրո» ընկերությունն ակտիվորեն համագործակցել է ՀՀ ՆԳՆ հետ՝ երթևեկությունն ուղղորդելու և դեպքի վայրի կարգի բերման նպատակով։

Մեր ցավակցությունն ենք հայտնում ավտովթարի զոհերի ընտանիքներին և հարազատներին, վթարից տուժածներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում:

«Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ»։


 

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության շրջանակներում կատարված` Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում՝ դեպի Երևան քաղաքի ուղղության ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում՝ դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթևեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:

Բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն՝ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի վիճակը գնահատվում է ծանր և վերջինիս ցուցմունք տալը հնարավոր չէ:

Քրեական վարույթի շրջանակներում 16 անձ ճանաչվել է տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել