Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած Լևոն Լևոնյանն այսօր կդառնար 23 տարեկան

Փաստաբան Կարեն Լևոնյանի որդին՝ Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված Լևոն Լևոնյանն այսօր կդառնար 23 տարեկան:

Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից։

Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները, Լևոն Լևոնյանի ընտանիքի անդամները, հարազատները և ընկերները հավաքվել էին Լևոնի անունը կրող պուրակում՝ նշելու հերոսի երկնային ծնունդը և ծաղիկներ խոնարհելու նրա հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնության համաձայն՝ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը և Փաստաբանների պալատի այլ ներկայացուցիչներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել՝ հանուն հայրենիքի նահատակված հերոսի շիրիմին:

Տխրության ու ցավի հետ մեկտեղ, ազգային արժանապատվության զգացում կար Լևոն Լևոնյանին իր հուշերում անմահացրած յուրաքանչյուր մարդու սրտում:

Լևոնն ընդամենը 40 օրվա ծառայող է եղել, երբ մեկնել է ռազմաճակատ։ Պատերազմի առաջին օրից եղել է ռազմադաշտում, կռվել Ակնայում, զոհվել Կարմիր շուկայում՝ 2020թ. հոկտեմբերի 30-ին ԱԹՍ հարվածից:

Լևոնը, թեև ընկավ կռվում, բայց այսօր ու միշտ ապրում է նա՝ ապրողների հոգիներում:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել