Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է երթուղային ավտոբուսի ուղղությամբ կրակոցի մասին լուրը

Երևանի Շինարարներ և Աբելյան փողոցների խաչմերուկում, ժամը 13։00-ի սահմաններում 18 համար երթուղային ավտոբուսի ապակին անհայտ հանգամանքներում վնասվել է․ տարածվող լուրերի համաձայն՝ ավտոբուսի ուղղությամբ կրակոց է եղել։

Դեպքի առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ, ով նշեց, որ դեռ պարզ չի, թե ինչ հանգամանքներում է վնասվել մեքենայի ապակին։

«Մենք դիմել ենք ոստիկանություն, որպեսզի պարզվի դեպքի հանգամանքները։ Քննությունն իրականացնելուց հետո կարող ենք հստակ տեղեկություն տալ՝ կրակո՞ց է եղել, քա՞ր է դիպչել, թե այլ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել։ Կրակոցի վարկածը ոչ հերքում ենք, ոչ հաստատում»,- ասաց Կոստանյանը։

«Մեդիահաբ»-ի հետ զրույցում 18 երթուղային համարի ավտոբուսի վարորդը պատմել էր, որ ուժեղ ձայն է լսել, ավտոբուսը կանգնեցրել է, որից հետո նկատել է, որ ավտոբուսի ապակիներից մեկը ճաքել է։ Ուղևորներից մեկը ևս հաստատել է վարորդի պատմածը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել