Առողջապահության նախարարության հորդորը քաղաքացիներին՝ ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված

Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար առողջապահության նախարարության մասնագետներն առաջարկում են պահպանել հետևյալ պարզ կանոնները.

⇒ խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-ից 18:00-ի սահմաններում,

⇒ հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևապաշտպան ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա հագուստ,
⇒ օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական շուրջ 2,5-3 լիտր), նախընտրելի է` ջուր կամ թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ,
Հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած, այդպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը,

⇒ սրտանոթային համակարգի կամ այլ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն բժշկի հետ խորհրդակցելուց հետո,

⇒ նախընտրել թեթև, դյուրամարս սնունդ, շատ մրգեր և հում բանջարեղեն,

⇒ չչարաշահել կոֆեին, շաքար և ալկոհոլ պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում,

⇒ չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ չմնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,

⇒ ցանկալի է, որ երեխաները, հղիները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային շոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,

⇒ ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ժամերին խուսափել բացօթյա տարածքում ֆիզիկական աշխատանքից,

⇒ հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա:

⇒ տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել