Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով ՀՀ կառավարության կողմից կազմակերպված հումանիտար գործընթացի վերաբերյալ կա միջազգային հանրության ուշադրության որոշակի աճ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին օգոստոսի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի փոխվարչապետի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում ձևավորված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, օգոստոսի 3-ին, այց կատարելով Կոռնիձորի սահմանային հատված, հնարավորություն ունեցան հավաստիանալ, որ Լաչինի միջանցքը մնում է փակ` չնայած Ադրբեջանի հայտարարություններին, և հումանիտար օգնությամբ բեռնված ավտոշարասյունը գտնվում է անշարժ վիճակում:
«Ակնկալում ենք, որ նմանատիպ այցերը, միջազգային հանրության կողմից հետաքրքրության աճը, ԼՂ-ում հումանիտար աղետալի վիճակի հստակ գիտակցումը, դրանից բխող արձագանքը, գործուն քայլերն ու անհրաժեշտ ճնշումը Ադրբեջանի վրա կնպաստեն Լաչինի միջանցքի բացմանը և ԼՂ 120 հազար բնակչության` շրջափակումից դուրս գալուն»,- ասաց նա:
Սարգսյանը նշեց` հիմնական նպատակին հասնելու, այն է` ուղեբեռը ԼՂ տեղափոխելու ուղղությամբ քայլերը շարունակական են, և քննարկումները նույնպես շարունակվում են: