«Որևէ դրական զարգացում չկա»․ Վահան Կոստանյանը՝ հումանիտար բեռն Արցախ տեղափոխելու մասին

Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Սյունիքում են՝ տեսնելու հումանիտար բեռը, որ նախատեսված է Արցախի հայրենակիցների համար, կանգնած է, և Ադրբեջանն արգելափակում է Լաչինի միջանցքով բեռների անխափան մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Վերջինիս տեղեկացմամբ, սակայն, այս պահի դրությամբ որևէ դրական զարգացում չկա։

«Մենք շարունակելու ենք աշխատանք տանել, որպեսզի ի վերջո Ադրբեջանը կյանքի կոչի պարտավորությունները, որոնք միջազգայնորեն ստանձնել է։ Այս ուղղությամբ շատ կարևոր է մեր միջազգային գործընկերների հավելյալ ճնշումն Ադրբեջանի իշխանությունների վրա։ Այս օրերին տարբեր գործընկերների կողմից եղել են, բայց կարծում ենք, որ դա բավարար չէ։ Անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը միասնական ճակատով հանդես գա և ոչ միայն ազդակներ ուղղի Ադրբեջանին, այլ՝ քայլեր ձեռնարկի»,- նշեց փոխարտգործնախարարը։

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է ՝ շրջափակված Արցախ տանելու համար կենսական նշանակության առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատար Կոռնիձորի սահմանային հատվածում է:

Հավելենք, որ այդ տարածք են այցելել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները: Նրանց տեղում ներկայացվում է իրավիճակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել