Որո՞նք են գեղեցիկ քայլվածքի կանոնները

 

Գեղեցիկ կեցվածքն ու քայլվածքը լավ շարժուձևի անբաժանելի մասն են:

 

Ամենաինքնատիպ հագուստն անգամ կեցվածք չունեցող մարդուն չի սազում:

 

Առանց ճիշտ կեցվածքի հնարավոր չէ ճիշտ քայլվածք, առողջ և ինքնավստահ տեսք ունենալ: Իսկ ոչ ճիշտ քայլվածքը հոգնեցնում է մարդուն, լարում մկաններն ու նյարդային համակարգը:

 

Որոշ հոգեբանների կարծիքով՝ վստահ քայլվածքը վախեցնում է հակահասարակական արարքների հակված մարդկանց և նրանց հետ պահում նախահարձակ լինելուց: Այդպիսի քայլվածքի տեր մարդը շրջապատի վրա թողնում է կայացած, զուսպ և հուսալի մարդու տպավորություն:

 

Ճիշտ կեցվածքն ու քայլվածքն անհրաժեշտ են հատկապես ղեկավար աշխատողներին, գործարարներին, լիդերներին՝ իրենց հեղինակությունն ու վարկը պահպանելու համար:

 

Ճիշտ քայլվածքը կարելի է բնութագրել հետևյալ կերպ. գլուխը և ողնաշարը պետք է լինեն միևնույն ուղղահայաց գծի վրա: Երբ երկար ժամանակ գլուխը առաջ կամ հետ է ուղղվում, ուսերի և պարանոցի մկանները լարվում են: Դա կարող է գլխացավերի, ուշադրության անկման պատճառ դառնալ: Երբ թույլ կեցվածքը սովորություն է դառնում, իրանն աստիճանաբար ծռվում է, որի հետևանքով խախտվում է ներքին օրգանների դիրքը:

 

Տարեցների միջավայրում, իր կեցվածքով ու պահվածքով երիտասարդը պետք է ավելի ձգված լինի, քան իր հասակակիցների շրջանում. դրանով նա ընդգծում է իր հարգանքը ավագների հանդեպ: Հարկավոր է միշտ ուղիղ կանգնել, սակայն չպետք է լարվել: Լավ չէ կանգնել հարցական նշանի նման՝ գլուխը, ուսերը կախ, մեջքը կորացրած, ծնկները կիսածալված: Այդպես կանգնելն առաջին հերթին վնաս է թոքերին, քանի որ կրծքավանդակը սեղմվում է:

Պետք է խուսափել ճոճվելով կամ դոփելով քայլելուց: Ձեռքերի չափազանցված թափահարումը, ուսերն օրորելով քայլելը ո՛չ կնոջ, ո՛չ էլ տղամարդու քայլվածքին հարիր չեն: Քայլելիս ձեռքերը պետք է շարժել քայլերի ռիթմով, ոտնաթաթերը համարյա զուգահեռ պետք է լինեն, իսկ ոտքերի մատները՝ փոքր-ինչ դեպի դուրս: Քայլվածքը պետք է լինի ռիթմիկ, քայլքի երկարությունը՝ միջին չափի: Շտապելիս ոչ թե պետք է մեծացնել քայլքի երկարությունը, այլ արագացնել քայլերը: Առանց ծայրահեղ անհրաժեշտության վազել կամ մի քանի աստիճան ցատկելով բարձրանալ կամ իջնել խորհուրդ չի տրվում:

 

Քայլվածքի և առողջության վրա մեծ ազդեցություն են թողնում կոշիկները: Ոտնաթաթը սեղմող, ցավեցնող, ինչպես նաև չափազանց բարձր կրունկներ ունեցող կոշիկներով շատ դժվար է քայլել: Այդ պատճառով կոշիկ ընտրելիս հարկավոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել նրա հարմարությանը:

 

Դպրոցահասակ աղջիկներին խորհուրդ չի տրվում կրել բարձրակրունկ կոշիկներ, քանի որ դրանք կարող են առաջացնել ողնաշարի կամ կոնքագոտու թերություններ:

 

Առնական տեսքը, լայն քայլքը և ձեռքերի կտրուկ շարժումները հատուկ են տղամարդուն և չեն սազում կնոջը: Կինը պետք է ավելի զուսպ, հավաք կեցվածք և քայլվածք ունենա:

Երկուսով, մանավանդ թևանցուկ քայլելիս պետք է քայլել միևնույն ոտքից:

 

Ճիշտ կեցվածքն ու քայլվածքը մշտապես պահպանելու համար հարկավոր է զբաղվել մարմնամարզությամբ, օրվա ընթացքում գոնե 30 րոպե տրամադրել ֆիզիկական վարժություններին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել