Թուրքիան կդժվարացնի օտարերկրացիների համար Թուրքիայի քաղաքացիություն ձեռք բերելը՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացով պայմանավորված։
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ին։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կլինի, երբ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին։ Ավելի ուշ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ Էրդողանը համաձայնել է որքան հնարավոր է շուտ փաստաթղթեր ուղարկել Թուրքիայի խորհրդարան՝ վավերացնելու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը։ Շվեդիան, որպես Եվրամիության անդամ, խոստացել է հայտի վավերացման դիմաց աջակցել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացմանը։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ իրենք չեն ցանկանում Թուրքիային տեսնել Եվրոպայում, Անկարայում այդ հարցում չպետք է վարդագույն ակնոց կրեն։
Թուրքիայի ներգաղթային քաղաքականության մեջ ծրագրվում է նոր քայլ անել։ Այդ առնչությամբ ուսումնասիրություններ են կատարվում՝ ապաստան հայցողներին՝ հատկապես սիրիացիներին, Թուրքիայի քաղաքացիություն տրամադրելը դժվարացնելու համար։ Այսինքն՝ Թուրքիան այսուհետ ավելի զգույշ է լինելու ապաստան հայցողներին քաղաքացիություն տալու հարցում։ Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ ապաստանի հայցումը մուտքի արտոնագրի հետ կապված ամենակարևոր խնդիրներից է։