Ե՞րբ է դատապարտյալը վերցվում ռիսկային հաշվառման

Կալանավորված անձը և դատապարտյալը ռիսկային հաշվառման է վերցվում և հաշվառումից հանվում է հիմնարկի պետի որոշմամբ` անվտանգության ապահովման, սոցիալական, հոգեբանական և իրավական, բժշկական սպասարկման բաժինների կողմից տրված եզրակացությունների հիման վրա:

Ռիսկային հաշվառման վերցնելու և հաշվառումից հանելու վերաբերյալ որոշումները կցվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:

Կալանավորված անձինք և դատապարտյալները հաշվառման են վերցվում որպես ռիսկային, եթե նրանց մոտ առկա են փախուստի, ինքնավնասման, ալկոհոլի, թմրամիջոցների, ագրեսիվության և կոնֆլիկտայնության, ինչպես նաև հանցածին դիրքորոշումների հակումներից մեկը.

1) Կալանավորված անձին և դատապարտյալին որպես փախուստի հակում ունեցող հաշվառելու հիմք են հանդիսանում`

ա. նախկինում կատարած փախուստի փորձի կամ փախուստի փաստի վերաբերյալ գրառումները անձնական գործում,

բ. անվտանգության ապահովման բաժնի կողմից տրված եզրակացությունը։

2) Որպես ինքնավնասման հակում ունեցող հաշվառելու հիմք են հանդիսանում`

ա. մինչև 1 տարվա ընթացքում երկու և ավելի ինքնավնասման փորձի կամ փաստի վերաբերյալ գրառումները անձնական գործում,

բ. հոգեբանական եզրակացությունը:

3) Որպես ալկոհոլի, թմրանյութերի նկատմամբ հակում ունեցող հաշվառելու հիմք են հանդիսանում`

ա. դատավճռով տրված հարկադիր բուժման որոշումը,

բ. բժշկական եզրակացությունը,

գ. մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ ոգելից խմիչք պատրաստելու, օգտագործելու համար կարգապահական պատասխանատվության ենթարկվելը:

4) Որպես ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակում ունեցող հաշվառելու հիմք են հանդիսանում`

ա. մինչև 6 ամսվա ընթացքում երկու և ավելի կարգապահական խախտումների առկայությունը,

բ. հոգեախտորոշմամբ ագրեսիվության բարձր աստիճան ցուցանիշը,

գ. անձնական գործում առկա առանձին դաժանությամբ կամ բռնությամբ կատարված հանցագործության մասին տեղեկատվությունը:

5) Որպես հանցածին դիրքորոշումների հակում ունեցող հաշվառելու հիմք են հանդիսանում`

ա. նախկինում դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր երկու և ավելի հանցագործությունները,

բ. հիմնարկում մոլեխաղերի դրդելու, կազմակերպելու գործողությունները,

գ. անվտանգության ապահովման բաժնի կողմից տրված տեղեկատվությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել