Ո՞ր տարիքից կարող է անձը ենթարկվել քրեական պատասխանատվության

Քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայմաններից մեկը օրենքով սահմանված որոշակի տարիքի հասած լինելն է: Այդ տարիքի սահմանման անհրաժեշտությունը կապված է անձի կողմից իր վարքագծի բնույթն ու սոցիալական նշանակությունը հասկանալու, իր ցանկությունները և մղումները հասարակական պահանջներին, վարքագծի կանոններին համադրելու և քրեական պատասխանատվության իմաստը համակողմանի ընկալելու ընդունակության հետ: Նման ընդունակությանները ծագում են ոչ թե ծննդյան պահից, այլ զգալիորեն ավելի ուշ՝ մարդու սոցիալական և կենսաբանական զարգացմանը զուգընթաց, երբ ձևավորվում է որոշակի իրավական գիտակցություն: Բնականաբար այդ տարիքին հասնելուց հետո միայն անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության:

Ընդունված է տարբերել տարիքային հետևյալ չափանիշները՝ ժամանակագրական (անձնագրային), կենսաբանական (գործառնական), սոցիալական (քաղաքացիական) և հոգեբանական (հոգեկան): Ասենք, որ օրենսդիրը, սահմանելով քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքը, առաջնորդվել է հոգեբանական չափանիշներով:

Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, որի 16 տարին լրացել է նախքան հանցագործության կատարելը:

Այն անձինք, որոնց տասնչորս տարին լրացել է մինչև հանցանքը կատարելը, ենթակա են քրեական պատասխանատվության սպանության (104-108-րդ հոդվածներ), դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու (112-116-րդ հոդվածներ), մարդուն առևանգելու (131-րդ հոդված), բռնաբարության (138-րդ հոդված), սեքսուալ բնույթի բռնի գործողությունների (139-րդ հոդված), ավազակության (175-րդ հոդված), գողության (177-րդ հոդված), կողոպուտի (176-րդ հոդված), շորթման (182-րդ հոդված), առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալու (183-րդ հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու (185-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասեր), զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու (238-րդ հոդված), թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր հափշտակելու կամ շորթելու (269-րդ հոդված), տրանսպորտային միջոցները կամ հաղորդակցության ուղիները փչացնելու (246-րդ հոդված), խուլիգանության (258-րդ հոդված) համար:

Եթե անձը հասել է սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված տարիքի, սակայն մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով ընդունակ չի եղել ամբողջ չափով գիտակցել իր արարքի բնույթն ու նշանակությունը կամ ղեկավարել դա, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել